Աշխատանքներում թերացած ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Յունիսեֆ

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի ներկայացուցչության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը:

«Գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը, սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարին»,֊ ասաց Զառա Սարգսյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ նշել էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին: Դատախազությունն էլ նշել էր, որ տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները:

 --00—ՄՀ