Դավիթ Տոնոյանը կանչվել է ՀՔԾ․ նույն գործով անցնում է նաև Արտակ Դավթյանը. Yerevan.Today

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News  

ՀՔԾ
Yerevan.today-ը գրում է. «Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ընդ որում, Yerevan.Today-ին հասած տյալներով, նա բավականին հակասական ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում:

Մասնավորաբար, ռազմական կարիքների համար հաստատված պլանից պետգնումներով շեղումների մասին հարց ու պատասխանում Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն է հնչեցրել՝ նշելով, որ գենպլանից դուրս գնումների դեպքերը համաձայնեցվել են ՀՀ վարչապետի հետ եւ դրա մասին բազմաթիվ զեկուցագրեր կան, ուստի իրավապահների ուշադրությունն է հրավիրել հենց այս հանգամանքի վրա: Ավելին, Տոնոյանը պահանջել է, որպեսզի ուսումնասիրվի երրորդ երկրներից ձեռքբերված ռազմամթերքի մասին իր ղեկավարած գերատեսչության եւ կառավարության միջեւ եղած թղթատարությունը:

Ընդգծենք՝ պատերազմը տանուլ տված նախարար Դավիթ Տոնոյանը վկայի կարգավիճակով է կանչվել հարցաքննության, նա եղել է քննիչ Գարեգին Բեգոյանի սենյակում:  Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել քննչական խմբի ղեկավար Գարեգին Բեգոյանի հետ: Ի՞նչ քրգործի շրջանակներում է նախկին նախարարը հարցաքննվել, եւ արդյո՞ք գեներալ Արթուր Դավթյանն էլ վկայի կարգավիճակով է հարցաքննվել նույն գործի շրջանակներում, ՀՔԾ ավագ քննիչ Բեգոյանն այսպես պատասխանեց․«Ես այդ քրեական գործի հետ կապված մանրամաներ կամ գործողությունների մասին չեմ կարող հայտնել՝ նախաքննական շահից ելնելով, խնդրում եմ դիմել մամուլի ծառայություն»:

Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ այն գեներալը, ում այսօր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Ընդամենը մինչեւ երեկ անզբաղ, անգործ կարգավիճակից գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը քայլ ձիով գործողությամբ՝ մտավ Գլխավոր շտաբ: Երեկ կեսօրին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նրան նշանակեց մի դեկորատիվ պաշտոնի՝ կցորդ ԳՇ-ում, որպեսզի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալվող բուռն  իրադարձությունների շրջանում Նիկոլ Փաշինյանն այնտեղ իր վստահելի աչքն ու ականջն ունենա:

ՀՔԾ-ում ծանր հանցագործության հիմքերով հարուցված քրգործով անցնող Արտակ Դավթյանը հնարավոր է դառնա ԳՇ պետ՝ զբաղեցնելով քաղաքական կամայականությունների զոհ դարձած Օնիկ Գասպարյանի պաշտոնը: Նրան այսօր առաջարկվել է ԳՇ պետի պաշտոնը:

Ինչեւէ...

Ուշագրավ է այն, որ նախաքննական փուլում գտնվող կոռուպցիոն սկանդալի քրգործով անցնող Արտակ Դավթյանի հարցաքննությունը զուգորդվել է Պատրոն Դավոյի կալանավորման ակտով:

Մինչ այդ ՀՔԾ-ում քննվող նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ում էր եղել նաեւ զինամթերքի առքուվաճառքի հայտնի դիլլեր Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականվամբ: Փաստորեն, հաջորդը հարցաքննության պետք է կանչվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք իր մեջ այդ համարձակությունը կգտնի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ցույց կտան դեպքերի հետագա  զարգացումները:

Մի կարեւոր հանգամանք եւս. հնարավոր է՝ Արտակ Դավթյանը եւ Դավիթ Տոնոյանը կանչվել են հարցաքննության ԳՇ  նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում:

ՀՔԾ-ից պաշտոնական տեղեկատվություն մեզ չի հաջողվում ստանանալ, մամուլի ծառայությունն ասում է, որ հարցաքննվող անձանց անուններ հրապարակելու իրավասություն չունի, քանի որ գործը դեռեւս գնտվում է նախաքննական փուլում:

Սակայն մեզ հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ում քրգործի հարուցման հիմք է հանդիսացել նաեւ անցած տարի դեկտեմբերին Yerevan.Today-ի տաղավարային հարցազրույցը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ: Իրավապահ համակարգի ուշադրությանն արժանացած նյութը դարձյալ ռազմամթերիքի պետգնումներն են ու գենպլանից շեղումով անպիտան տեխնիկան:

Yerevan.Today –ին  հայտնի է դարձել, որ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը  եւս հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ըստ որում՝ երկու նույնացող հիմքերով քրգործերի շրջանակներում՝ ռազմամթերքի ձեռքբերման, գենպլանից շեղումների կասկածելի դրվագներով (Սու 30, ОСА АК համակարգի գնում) եւ այլն:

Ավետիք Քերոբյանի սկանդալային հայտարարույթուններից մեկը հետեւյալն էր․«Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ բառիս բուն իմաստով անկանոն փոփոխություններ էին կատարվում այդ պատվերի մեջ եւ կրճատվում էին գործարանների պատվերները, դա արվում էր հապճեպ, առանց որեւէ տրամաբանության: Այսինքն այդ միջոցները պլանից շեղումով ուղղվում էին այլ նպատակների: Զենք-զինամթերքի արտադրության համար բյուջեն ուղղվում էր այլ ծախսերի: Տարվա մեջ շատ այդպիսի դեպքեր են եղել»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերել օգտագործած, ժանգոտած «ОСА АК» զինատեսակներ, Քերոբյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ դրանք ձեռք են բերվել շահագործված վիճակում եւ  դրանց գնումը նույնպես ռազմական պլանից դուրս է եղել:

«2017-ի հոկտեմբերին ընդունվել է զինված ուժերի զարգացման նոր ծրագիր, այդ թվում ռազմական տեխնիկայի կազմումը, որը պետք է բավարարեր բանակի ապագա ռազմական կարիքներին: 2018-ի մայիսից՝ հեղափոխությունից հետո այդ ծրագիրը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Բայց ես ականատես եմ եղել, որ նույնիսկ փոփոխված ծրագրից դուրս գնումներ են կատարվել, այդ թվում «ОСА АК» համակարգերը, որոնք ձեռք են բերվել արաբական մի երկրից: Դրանց ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական՝ հաշվի առնելով ՀՕՊ մեր վիճակն ու կարիքները: «ОСА АК» համակարգը նախատեսված է եղել որպես շարժական ՀՕՊ միջոց եւ շարժական տեխնիկայի պաշտպանության միջոց: Այդ տեխնիկան պատշաճ կերպով սպասարկված, պատշաճ վերանորոգված չէր կարող լինել, հետեւաբար անպատրաստ էր պատերազմին»,-  ասել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը»։

 --00—ՄՀ