Էրդողանը ձգտում է Ասիայի և Աֆրիկայի մուսուլմանական երկրների միություն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ծաղրանկար

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ Գիտական համագործակցության զարգացման միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս-թուրքական հարաբերությունների փորձագետ Արիֆ Ասալիօղլուն, անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեկ մուսուլմանական միություն ստեղծելու ցանկությանն ու այդ ուղղությամբ նրա խորհրդական Ադնան Թանրիվերդիի առաջարկությանը։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, հոդվածում նշված է.

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Ադնան Թանրիվերդին, որը նախագահում է Արդարության պաշտպանների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ASSAM) համագումարը, առաջարկել է ստեղծել Իսլամական երկրների միություն՝ իր սահմանադրությամբ, կառավարությամբ, ռազմական և դատական համակարգով, մայրաքաղաքով, դրոշով և լեզվով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին, Արդարության պաշտպանների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի 3-րդ միջազգային համագումարի ժամանակ Թանրիվերդին նշել էր, որ համագումարը նպատակ ունի իսլամական երկրների համար մոդելային լուծումներ և դրանց համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններ գտնել: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ է եկել «ԱՍՐԻԿԱ» (Ասիա և Աֆրիկա) սահմանումը:

Ըստ Թանրիվերդիի` 2017 թվականի առաջին համագումարից հետո հրապարակված հռչակագրում նշված է. «Մուսուլման ժողովուրդների բարեկեցության, նրանց ստեղծած պետությունների անվտանգության և հետագա գործունեության, աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման, արդարության հաստատման և իսլամական աշխարհը որպես գերտերություն պատմական բեմ վերադարձի համար անհրաժեշտ է մեկ կամքի ներքո միավորել իսլամական պետությունները, որոնք առանցքային են համարում Ասիա-Աֆրիկա («ԱՍՐԻԿԱ») տարածաշրջանը: Դրա համար անհրաժեշտ է Իսլամական միության նախարարություն ստեղծել  իսլամական երկրների նախարարների կաբինետներում, ինչպես նաև անհրաժեշտ է ստեղծել Իսլամական երկրների ներկայացուցիչների խորհուրդ, որն իր գործունեությունը կիրականացնի մշտական հիմունքներով»:

Նշվել է, որ նախնական փուլում այս խորհուրդը պետք է աշխատի որպես «իսլամական երկրներում գործող հակաճգնաժամային կառավարման մարմին»՝ լուծումներ առաջարկելով իսլամական երկրների միջև առկա խնդիրների և իսլամական երկրներում առկա ներքին կոնֆլիկտների համար: Ըստ Թանրիվերդիի` վերոնշյալ առաջին համագումարից հետո մանրամասնորեն նախապատրաստվել է «Իսլամական միության սահմանադրությունը», որը կարող էր որպես մոդել կիրառվել: Այս փաստաթուղթը ներկայացվել է որպես «Իսլամական երկրների համադաշնության սահմանադրություն»: Դրանում հիշատակվում է իսլամական պետությունների «ԱՍՐԻԿԱ» միությունը, որը, ենթադրաբար, համադաշնության ձևաչափ կունենա:

Հայտարարվել է, որ Իսլամական պետությունների միությունում «իշխանությունների տարանջատման սկզբունք» և «նախագահական համակարգ» կգործեն: Այս պետության մայրաքաղաքը պետք է լիներ Ստամբուլը, իսկ պաշտոնական լեզուն` արաբերենը: Դրոշը պետք է լիներ այսպիսին՝ «սպիտակ կիսալուսին` կանաչ-կարմիր ֆոնի վրա և անդամ պետությունների քանակով աստղեր»: Թանրիվերդին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսլամական միություն ստեղծելու նպատակով կազմվել էր չորս փուլից բաղկացած ճանապարհային քարտեզ: Օրինակ՝ երրորդ փուլում նախատեսվում էր «իսլամական երկրների տարածաշրջանային համադաշնությունների» ձևավորում, որոնք այնուհետև կվերափոխվեին դաշնությունների, ապա այդ դաշնություններից յուրաքանչյուրը կմիանար Իսլամական երկրների համադաշնությանը:

Վերջնական չորրորդ փուլում ստեղծվելու էին Իսլամական երկրների համադաշնության խորհրդարանն և տարածաշրջանային խորհրդարանը, դրանց ենթակա գործադիր մարմինները, ինչպես նաև դրանց վերահսկողության տակ գտնվող «արդարադատության դատարանները» և «արագ արձագանքման ուժերը», որոնք ապահովելու էին վերոնշյալ դատարանների ընդունած որոշումների իրականացումը: Դա անհրաժեշտ է «հասարակական կարգի և ներքին անվտանգության» կազմակերպման համար: Թանրիվերդին ասել է, որ 2018 թվականին կայացած երկրորդ համագումարի ընթացքում առաջարկվել է իսլամական երկրների միջև «մաքսային միություն, ընդհանուր շուկա, արժութային միություն, առևտրի գոտիներ» ստեղծել»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ