Փաշինյանը շտապեց վերահաստատել ներհայաստանյան գերճգնաժամ հարուցած որոշումը․ «Ժառանգություն»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցությունը ներհայաստանյան ճգնաժամի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Նիկոլ Փաշինյանը, ի հակառակ ՀՀ սահմանադրության և իրավական սահմանված  կարգավորումների ընթացակարգի, շտապեց այսօր վերահաստատել ներհայաստանյան գերճգնաժամ հարուցած իր որոշումը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: 

Այնինչ հանրապետության նախագահը երեկ արդեն հայտարարել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու առաջարկով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը իրավունքի ուժով դեռ հաստատված չէ, այլ վիճարկելի է:

Այս բարդագույն իրավիճակում «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Օնիկ Գասպարյանի քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ տոգորված որոշումը՝ առաջնորդվել պետական բարձրագույն արժեքներով, ճգնաժամը հաղթահարել միմիայն սահմանադրական և իրավական ճանապարհով: Օնիկ Գասպարյանն առայժմ հեռանում է՝ չսրելով իրավիճակը, դիմելով վարչական դատարան՝ իբրև օրինահարգ և հայրենանվեր, արժանապատիվ քաղաքացի: Ակներև դարձավ, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի և անձնիշխանության հաստատման դեմ ամուր կանգնած են մեր Զինված ուժերը՝ հանձին գլխավոր շտաբի և մեր ողջ սպայական կազմի, զինվորականների, որոնք անսակարկելի առաքելություն ունեն ապահովելու հայոց պետականության և քաղաքացիների անվտանգությունը, շարունակելով չենթարկվել հրահրումների, օտար խաղերի՝ անձնուրաց ծառայել Հայաստանին և Արցախին: 

«Ժառանգությունը» համոզված է, որ  Հայաստանյան գերճգնաժամը հանգուցալուծելու միակ ճանապարհը օրենքի գերակայության ապահովումն է, որն այլևս անհնար է առանց վարչապետի հրաժարականի, արհեստավարժների միջանկյալ կառավարության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս