ՄԿՈՒ հաստատությունների գործունեությունը ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

կորոնավիրուս

«Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը ՄԱԶԾ-ի «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին»՝ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն, որի արդյունքները ներկայացվել են ԿԳՄՍՆ աշխատակազմին: Գնահատման միջոցով հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ երեք սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ գրեթե մեկ տարի կրթական համակարգը լրջագույն խնդիրների առջև է կանգնած:

«Սկզբում համավարակը, ապա պատերազմական գործողությունները նոր մարտահրավերներ են հարուցել, որոնց արդյունավետ արձագանքը ոչ միայն կրթության, այլև ազգային անվտանգության խնդիր է դարձել: Այս առումով շատ կարևոր է համապատասխան վերլուծությունների և հետազոտական տվյալների ամբողջություն ունենալ ու դրանց հիման վրա մշակել և իրականացնել փաստահենք քաղաքականություն»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով հետազոտության հեղինակներին: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ հատկապես ՄԿՈՒ ոլորտում, որի կարևոր բաղադրիչներից է սոցիալական գործընկերությունը, այդ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրված:

«Հատկապես համավարակի օրերին մենք ականատես եղանք բացառիկ համախմբման, երբ մեր գործընկերները շատ արագ կազմակերպեցին դասախոսական կազմի կարողությունների բարելավմանն ուղղված վերապատրաստումներ, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական և այլ կարգի աջակցություն: Այս հետազոտության տվյալները և դրանց հիման վրա ձևավորված առաջարկությունները ևս մեզ թույլ կտան քննարկել ու հասկանալ, թե ինչ վերանայումների կարիք ունենք, քանի որ ներկա մարտահրավերները դեռևս մնալու են, և մենք պետք է  սովորենք ապրել ՔՈՎԻԴ-ի հետ: ՄԿՈՒ ոլորտը մեզ համար գերակա է, քանի որ այն ուղիղ կապ է ապահովում կրթության և աշխատաշուկայի միջև, ինչպես նաև արագ արձագանքում է տնտեսության փոփոխվող կարիքներին։ Այդ առումով կարևոր է, որ Արցախյան պատերազմի մասնակիցներն անցնեն վերապատրաստում, ստանան համապատասխան որակավորում և իրենց ներուժն օգտագործեն մեր հասարակության զարգացման համար»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ տեխնոլոգիական զարգացումը և այն փորձառությունը, որը կուտակվել է ՔՈՎԻԴ-ին դիմակայելու տեսանկյունից, կարող են ծառայել նաև ավելի լայն նպատակների, օրինակ, սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման համար:

ԿԳՄՍՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին՝ շուրջ 13 տարի ՄԿՈՒ ոլորտին տրամադրած աջակցության համար։ Նրա խոսքով՝ երեք մարզում իրականացվող վերապատրաստումները կարող են նախադեպ դառնալ և տարածվել նաև մյուս մարզերի վրա։

ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանն ընդգծել է, որ հետազոտության շրջանակում ձևավորված առաջարկությունների հիման վրա  թվայնացման ուղղությամբ մեկնարկել են ՄԿՈՒ հաստատությունների դասախոսական կազմի լայնածավալ վերապատրաստումներ։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ձեռք կբերվեն նաև ավելի քան 30 պլանշետներ՝ որակյալ կրթություն ապահովելու համար։

Գնահատման արդյունքները ներկայացրել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Բեգլարյանը։ Նրա հավաստմամբ՝ գնահատումն իրականացվել է  ՄԱԶԾ-ի կողմից տրամադրված նախնական հարցաշարի միջոցով, որը վերամշակվել է և տեղայնացվել։ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի 15 պետական քոլեջի ու 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների և աշխատակիցների շրջանում իրականացվել են հարցազրույցներ և հեռախոսային հարցումներ։ Արդյունքում պարզվել է, որ 2020 թ. մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ամբողջովին փակվել է ընդամենը 4 ուսումնական հաստատություն, մինչդեռ մյուսները սահմանափակել են միայն որոշակի գործողությունների իրականացումը: Նախքան ՔՈՎԻԴ-19-ի բռնկումը գրեթե ոչ մի հաստատություն երբևէ հեռավար ուսուցում չի իրականացրել և, բնականաբար, դրա փորձը չի ունեցել: Համավարակի ժամանակաշրջանում ուսուցումը բացառապես հեռավար է կազմակերպել 6 հաստատություն, այն լսարանային պարապմունքների հետ համատեղել է 7 հաստատություն, մյուսները կիրառել են տարբեր եղանակներ:

Ըստ Լիլիթ Բեգլարյանի՝ հեռավար ուսուցում չիրականացնելու կամ ոչ լիարժեք իրականացնելու պատճառներից առավել հաճախ նշվել է՝ կապի խնդիրներ, անհրաժեշտ նյութերի բացակայություն, ՏՏ սարքավորումների բացակայություն, ինչպես նաև դասավանդող անձնակազմի շրջանում հեռավար կրթական հարթակների օգտագործման կարողությունների բացակայություն: Հեռավար դասընթացների իրականացման համար 6 հաստատություն ընտրել է միայն առցանց հարթակների օգտագործումը, իսկ 10 հաստատություն կիրառել է թե՛ առցանց, թե՛ ոչ առցանց հեռավար ուսուցման եղանակը: Ըստ հետազոտության՝ քննությունները, ներառյալ ամփոփիչ պետական ատեստավորումը, բնականոն անցկացվել են 6 հաստատությունում, մինչդեռ մյուսներում դրանք չեղարկվել են: Նշվել է, որ մարտահրավերներին դիմակայելու և մասնագիտական ուսումնական հաստատությունների քիչ թե շատ բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ առողջապահության նախարարների հրամաններով ձեռնարկվել են որոշակի իրավական կարգավորումներ։ Այդ ամենից զատ՝  ԿԳՄՍ նախարարությունը հաստատությունների համար մշակել է «Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում ՆՄԿՈՒ ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույց»:

Լիլիթ Բեգլարյանը նաև ներկայացրել է հեռավար ուսուցման արդյունավետության ապահովմանն ուղղված ուսումնական հաստատությունների և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի մի շարք առաջարկություններ: Մասնավորապես,  ուսումնական հաստատությունների համար անվճար միասնական կրթական հարթակի ստեղծում, մանկավարժական և վարչական կազմի համար կանոնավոր ու շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպում, առցանց ուսուցման արդյունավետ կիրառման վերաբերյալ ուղեցույցների ու մեթոդական ցուցումների մշակում ու տարածում, առկա առցանց հարթակներից անվճար օգտվելու հնարավորության տրամադրում և այլն: Առաջարկվել է նաև մշակել ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում հեռավար (առցանց և ոչ առցանց) ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգ և հեռավար ուսուցման իրականացման մեթոդական ցուցումներ, ինչպես նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի փաթեթներ:

Հանդիպման ավարտին բոլոր առաջարկությունները քննարկելու և հնարավորության դեպքում դրանք կյանքի կոչելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--0--ԿԿ