Օտարաբնակ քաղաքացուն զինծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել․ նախկին ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հպտհ

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը «Բանակից ազատվելու անհավանական փորձը՝ ՀՊՏՀ ղեկավարների դիտավորյալ ապօրինությունների միջոցով» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետությունում գործում է «Բացառիկ դեպքերում զինվորական ծառայությունից ազատվելու կարգ», ըստ որի՝ անհրաժեշտ պայմաններից մեկը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն է։

Փետրվարի 9-ին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքում համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող ու աշխատող մի քաղաքացու հետ, ըստ որի՝ վերջինս ստանում է ընդամենը 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք և դրանով մեխանիկորեն համալրում է բուհի գիտամանկավարժական կազմը: 2 շաբաթ անց՝ փետրվարի 24-ին, արտերկրում բնակվող այդ քաղաքացին տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ:

Անհերքելի կոռուպցիոն ռիսկով հանդերձ՝ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի ու պատահականության մասին կամ ենթադրել, որ բանակից ազատելու համար անհրաժեշտ այդ տեղեկանքի տրամադրումը պարզապես համընկել է ՀՊՏՀ ղեկավարության հանկարծակի մեծագույն ցանկության հետ, որ այդ 1 մագիստրոսական թեզը ղեկավարի՝ հենց հատկապես տեղեկանքի կարիքն ունեցող օտարաբնակ քաղաքացին: Սակայն, ցավոք, նման ենթադրությունները հօդս են ցնդում, որովհետև այդ «պատահական համընկնումը» կազմակերպվել է նաև օրենքի խախտման գնով:

Այս դեպքն ընդամենը 1 վառ օրինակ է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ օրենքով հստակ սահմանված է, որ բուհի գիտամանկավարժական կազմի համալրումն իրականացվում է մրցույթի միջոցով, և համալսարանի կանոնակարգում բառացի ամրագրված է, որ տարեկան առնվազն 1 անգամ պետք է մրցույթ հայտարարվի, սակայն բուհի ղեկավարությունն արդեն 2-րդ տարին է՝ «չորով» անտեսում է օրենքը և գործում կոռուպցիայի համար ամենանպաստավոր մեխանիզմով, երբ, օրենքին հակառակ, ռեկտորը միանձնյա կարող է որոշել, թե ով պետք է դասավանդի, իսկ ով՝ ոչ:

Քանի որ բանակի թեման չափազանց լուրջ ու վտանգավոր է, ԿԳՄՍ նախարարությունը շարժվել է տեղից և համալսարանից պահանջել ծառայությունից ազատվելու համար դիմած քաղաքացուն գիտամանկավարժական պաշտոնի նշանակելու իրավական հիմքերը, որոնք, բնականաբար, չկան:

Հ. Գ. Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:

Կարողացա՞ք ապօրինությունների քանակը հաշվել, որոնց շնորհիվ օտարաբնակ քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել:

Tigran Avinyan

Mkhitar Hayrapetyan

Tigran Ulikhanyan

Rafayel Zakaryan

Karen Trchounian

Հհ Գլխավոր Դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»:

--00—ԼՄ