Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

ԿԳՄՍՆ

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝

Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),

Մշակութային հեռուստահաղորդաշարեր,

Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,

Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,

Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,

Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,

Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր,

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,

Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ,

Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

--00—ՄՀ