Առողջապահության նախարարն Արցախում է. ԱՀ նախագահն ընդունել է Անահիտ Ավանեսյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

1

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է, տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը:

Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարար Ավանեսյանը եղել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, ապա այցելել ԱՀ ԱՆ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»:

Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նախարարին ծանոթացրել է հաստատության հագեցվածությանն ու պացիենտների բուժման ընթացքին:

Այնուհետև նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են պետությունների առողջապահության ոլորտների համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մարտիրոսյանն ընդգծել է ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների միջև գործակցության բարձր մակարդակը, ինչը, հատկապես, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հաջողությամբ շարունակվում է:

Հագեցած օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, ում շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:

 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս