Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ խախտումներ և կյանքի իրավունքի իրավական վտանգներ:

«Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարումներ, կյանքի իրավունքի իրական վտանգներ, դուք տեսաք՝ ինչ կրակոցներ են լսվում Սյունիքի անմիջական հարևանությամբ, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ Ներքին Հանդ գյուղը, Շուռնուխը, Որոտանը, ոչ-ոք չի փորձում հասկանալ՝ ինչ վիճակում են այնտեղի երեխաները, արդյո՞ք որևէ մեկը կարող է ասել, որ սա երեխաների համար կյանքի լավագույն պայմաններն են»,- ասել է Թաթոյանը:

ՀՀ օմբուդսմենը նաև հերթական անգամ տեղելացրել է, որ սահմանային դարձած մարզերում կան սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ, քանի որ մարդիկ չեն կարողանում օրինական փաստաթղթերով բնակվել իրենց տներում:

«Օրինակ, մարդիկ օրինական փաստաթղթերը ձեռքներին չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներից, քանի որ դրանք ադրբեջանական են։ Իսկ մյուս իրավիճակը՝ կան հողեր և տներ, որոնք գտնվում են ուղիղ նշանառության տակ, և մարդիկ պարզապես չեն կարողանում այդ հողերն օգտագործել, կրակոցներ են արձակվում»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը:

--00—ԼՄ