Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Մարության

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Կայքի հետ զրույցում Արփենիկ Մարությանը հայտնել է, որ քաղաքական որևէ խնդիր կամ անհամաձայնություն չկա, և լիազորությունների դադարեցման պատճառն իր ամուսնությունն է:

«Ուղղակի ամուսնացել եմ, երկրից մեկնել ամուսնուս բնակության վայր՝ Փարիզ»,- ասել է նա:

Նշենք որ Արփենիկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նա, ի դեպ, քաղաքապետ Մարությանի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում: Արփենիկը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում Արփենիկ Մարությանից հետո հաջորդ թեկնածուն Արման Բաբաջանյանն է: Նա ևս «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անդամ է, «ՕլԹրեյդ քոմփնի» ՍՊԸ-ի տնօրենն է:

Արման Բաբաջանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրեն դեռ տեղյակ չեն պահել, բայց տրամադրված է, որ կստանձնի ավագանու անդամի լիազորությունները։

--00--ԱԹ