Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու որոշումը. Մանուկյանը՝ Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին․

«Սիրելի՛ Լևոն,

Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:

Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն:

Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը»:

--0--ԿԿ