Քաղաքական փակուղի կամ ականջդ բեր, ասեմ, ընկե՛ր Փանջունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

նկար
«Ինձ միայն հետաքրքիր է իմանալ, թե ինչքան ժամանակ ամբոխը թույլ կտա իրեն հիմարեցնել, և կստացվի՞ ձեզ մոտ խաղալ դրա վրա մինչև վերջ»։

«Կեղծ Ներոնը», Լիոն Ֆեյխտվանգեր

 

Եվ այսպես Հայաստանը մտավ քաղաքական փակուղի, որի անցնցում ելքը չի երևում, իսկ հնարավոր տարբերակներն էլ վատի ու վատթարագույնի մեջ են։

Ճգնաժամի խորացումը ավելի է մեծացնում հասարակական տարանջատումն ու թշնամությունը, և հետպատերազմյան լարվածության ջղաձգությունը գագաթնակետին է։

Համատարած համառության մթնոլորտում ներքին բախումն անխուսափելի է դառնում, և ամեն օր մենք կորցնում ենք արժանապատվության վերականգնման ու համապետական վերածննդի հնարավորությունները։

Բանակի երեկվա պահանջը քաղաքական դաշտում կտրուկ մարմնաշարժությունների տեղիք տվեց, և պատերազմից հետո սկսված ու միօրինակ դարձած դրսևորումները նոր թափ հավաքեցին։

Իհարկե, պատճառը տհաճներից էր. Փաշինյանը, որը կեղծ կառավարման մարմնացումն է, պատերազմի ժամանակ զբաղված էր արատավոր գործունեությամբ, որի ձևերից մեկն էր սեփական հերոսներ ունենալու մոլուցքը։ Այս աբսուրդը դեռևս հուլիսյան մարտերի ժամանակ երևաց։

Նիկոլը Ազգային հերոսի բարձրագույն կոչում շնորհեց Ղարաբաղի հարավում (որտեղ մենք գլխովին ջախջախվել ենք) ռազմական գործողությունների համար պատասխանատվություն կրող, դաշնակցականի անցյալով հարուստ Տիրան Խաչատրյանին, որը, ըստ հավաստի աղբյուրների, մեղմ ասած, որևէ հերոսական բանով աչքի չի ընկել։ Այսինքն՝ կեղծապետը ստեղծեց իր կեղծ հերոսին։ Եվ ջրի երես դուրս եկած լրագրողական մի հեռախոսազանգի պատճառով Նիկոլը ազատեց Տիրանին ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այսինքն՝ զավեշտը զավեշտի հետևից։

Բայց բանակի համար սա ընդամենը առիթ էր, և Զինված ուժերի ղեկավարությունը կատարեց իր ուշացած քայլը։ Ավելի ճշմարիտ ու շիտակ կլիներ, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը վարչապետի հրաժարականի պահանջով հանդես գար կործանարար պատերազմի ժամանակ` կանխելով աղետի լիարժեքությունը, կամ կապիտուլիացիայից անմիջապես հետո` սրբելով անպատվության ցեխը պետության և իր վրայից և այդպիսով ստանձնելով հետպատերազմյան Հայաստանի առարկայական ու բարոյական փրկության գործը։

Միգուցե հիմա ինչ֊որ տեղի է ունենում քաղաքական նախագծի մի մաս է կամ բանակի ինքնաբուխ պոռթկման արդյունք, բայց փաստ է, որ պետության ամենակարևոր ինստիտուտը` բանակը, պահանջում է Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Նման մի բան տեղի ունեցավ 1999 թ. հոկտեմբերի 27֊ից ահաբեկչությունից հետո, երբ Զինված ուժերը նախագսհ Քոչարյանից պահանջեց ուժային մարմինների ղեկավարների աշխատանքից ազատում իրականացնել, և Քոչարյանը գնաց այդ քայլին՝ այդ պահին նահանջելով, քանի որ ինքն իսկ բարդագույն վիճակում էր, և պետք էր խուսափել առանց այդ էլ երկրում տիրող գերլարվածության մեծացումից։ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարներ Սուրեն Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։

Հիմա վիճակը այլ է, և բանակի հրամկազմը համալրեց այն անձերի ու բարձր ինստիտուտների շարքը, որոնք արդեն իսկ պահանջել էին Նիկոլի հեռացումը։

Ի՞նչ կա սրա տակ, թերևս՝ ոչինչ, եթե հայտարարությունը մնա լոկ թղթի վրա, ու դրան չհետևեն գործողությունները։

Պատմության մեջ զինվորականների կողմից քաղաքական իշխանության դեմ գնալու օրինակները քիչ չեն, և որպեսզի լինենք հակիրճ, ասենք. ըստ պահանջի բովանդակության՝ բանակը գործող վարչապետին տալիս է ժամանակ, որի ավարտից հետո, եթե ղեկավարը չի հանձնվում, հայտարարում է, որ հանդես է գալիս որպես պետության անվտանգության երաշխավոր, ռազմական դրության պայմաններում զորք է մտցնում մայրաքաղաք և ձերբակալում Փաշինյանին` հայտարարելով նրան օրենքից դուրս։ Իհարկե, այս դեպքում բախումը գրեթե անխուսափելի է լինելու, և արյուն թափվելը՝ շատ հնարավոր, ու իրավիճակի համար պատասխանատվություն վերցնող պիտի լինի։ Մեկը պիտի տեր կանգնի դրան։ Եվ հնարավոր է, որ սա է ԳՇ անձնակազմին հետ պահում գործողություններից… առայժմ։

Բայց ինչո՞ւ է բախումը անխուսափելի։ Որովհետև Նիկոլը նորից անցավ կարմիր գծերը և միակ վճռականն է, որի հաստատակամությունը իշխանությունը չհանձնելու հարցում նրա կողմից հրամցված հերթական աղետն է Հայաստանի գլխին։ Տեր֊Պետրոսյանի կողմից դիպուկ բնորոշված այս ազգակործան պատուհասը փուլ առ փուլ Հայաստանը տանում է կործանման` մի բանի, որի լինելիությունը մեր թշնամի պետությունների համար տասնամյակների անկատար երազանք էր, և ինչը հիմա իրականացնում է ազգի թշնամին իր հակապետական թիմով, բանով-մանով։ Նիկոլի միտինգից հետո, որը, ի դեպ, համեմված էր ամենաստոր բաղադրիչներով ու մանիպուլյատիվ գործիքակազմով՝ ուղղված մարդկանց հույզերին, դժբախտություններին և զգացմունքներին, գնդակը անցավ Օնիկ Գասպարյանի դաշտ, որը պաշտպանական քայլ կատարեց` ասելով, թե հրաժարական չի տա։ Օրենքի ուժով խաղի մեջ մտավ նախագահ Արմեն Սարգսյանը, որից այս պահին ու դեռ երկու շաբաթ (ինչը քիչ ժամանակ չէ սույն արագացած ընթացքում) դե յուրե կախված է հարցի ոչ թե լուծումը, այլ կողմերից որևէ մեկի կողմը կշեռքի նժարի ծանրության թեքումը։ Եվ նա հիմա խաղում է ժամանակի ու նյարդերի վրա` իր ազդեցության ավելացման իմիտացիա ստեղծելով ու սեփական դիրքերի բարելավվումը ապահովելով։ Ընդհարումից խուսափում են բոլորը, և տպավորություն է ստեղծվում, թե սպասում են դրսից ուղղակի աջակցության վճռականության համար։ Սա խաբկանք է, եթե իհարկե հենց դրսի ուժերը չեն ժամացույցը միացրել։ Սա ներքին էգոիզմ է, որովհետև յուրաքանչյուր դրսի միջամիտություն ի սպառ վերացնելու է անկախության մնացած փշուրները և ավելի բարդացնելու է ինքնիշխանության վերականգնումը ապագայում։

Եվ ուրեմն մենք ունենք առանց լավ լուծումների փակուղային իրավիճակ, որի գլխավոր մեղավորը հայկական Կեղծ Ներոնն է, դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը։ Այլևս նա միայն համեմատական է Նաիրի Հունանյանի հետ։ Վերջինս կրակեց Հայաստանի հերոսականության ու ուժեղ պետականության, անկախական էության վրա, իսկ Կեղծ Ներոնը հանձնեց հողերը ու հողին հանձնեց եղած պետությունը։ Երկուսն էլ անհիմն ամբիցիոզ ժուռնալիստներ են, սերնդակիցներ, որոնք իրենց միսիոներական փառամոլության մեջ հասան պետության վախճանին և հայ ազգի կործանմանը։ Հավանաբար մոտ ապագայում նրանք կլինեն խցակիցներ` դատված նույն հոդվածով` հայրենիքի դավաճանություն։

Ի՞նչ ունենք մենք հիմա։ Առաջին հերթին պայքարի մեջ չկա ոգեղենություն։ Վիճակը դժգույն ու դժբախտ է, համապատասխան՝ ակտիվ խաղացողների մեծ մասի էությանն ու ձևին։ Ոչ ոք իր վրա չի վերցնում պետությունը փրկելու ու ժողովրդին առույծի պես առաջնորդելու առաքելությունը։ Բոլորը խաղի տրամաբանության մեջ են, որը շակալային որակ ունի. վայրահաչելուց ու կծմծելուց բացի՝ հիմնականում լուրջ բան չկա։ Բայց կա դրական մի բան. հասարակության մեջ ավելանում է երրորդ ուժի ասպարեզ գալու պահանջը։ Մի բան, որի մասին մենք խոսում ենք մոտ երեք տարի ու անընդհատ։ Եվ եթե Տերը ողորմած լինի մեր նկատմամբ (ինչին իհարկե արժանի չենք), ապա կշնորհի մեզ Վճռական Մենակին, որի շուրջ կձևավորվի համազգային համերաշխությունն ու պետության վերածնունդը։ Ուժերը այս ուղղությամբ է պետք կուտակել։ Պարզաբանենք՝ խոսքը ոչ թե արտաքին երրորդ ուժի մասին է, որի բացառման օրենքի թեզի հայրը նշանավոր ակադեմիկոս Ռաֆայել Իշխանյանն է, ում հետ մենք լիովին համաձայն ենք, խոսքը երրորդ բևեռի՝ ներքին ինտելեկտուալ ու հարվածային ուժի մասին է։

Հայաստանն այլևս սխալվելու ոչ թե իրավունք, այլ տեղ չունի։ Մենք բնաջնջման եզրին ենք, ու մեր սերնդից ընտրյալները կլինեն նրանք, ովքեր չեն տրվի քաղաքական խաղերի, գումարի, ներկա կամ ապագա պաշտոնների գայթակղություններին և հավատավորի գաղափարական շիտակությամբ ու մինչև վերջ պայքարի կամքով դուրս կհանեն պետությունը դեպի կրակե ավազանը գլորվելու ու վերջնական տարալուծվելու փորձանքաշատ ճանապարհից։

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ