Ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահն ու շարժման ներկայացուցիչները․ Վանեցյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահին։ Այդ մասին նախագահականից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Նախագահը լսել է մեզ ու ասել, որ իր լիազորությունների շրջանակում օբյեկտիվ որոշում կկայացնի։ Երկուստեք ֆիքսել ենք մի բան՝ երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է։ Վերջինիս ներկայացրինք մեր տեսակետները, խնդրեցինք, որ հանգուցալուծի այս խայտառակ վիճակը։ Նա էլ հավելեց, որ հանդիպելու է Օնիկ Գասպարյանին ու ԶՈւ ԳՇ ղեկավար կազմին, իմանա՝ ի՞նչ պատճառով է ԳՇ-ն նման հայտարարություն արել։ Կլսի բոլոր կողմերին ու կկայացնի իր որոշումը», - ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ հանրահավաքի ընթացքում, ընդդիմության ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր։ Նրանք պահանջում էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի դիմումը։

--0--ԿԿ