ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

աած

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն:

«Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար»,- ասված է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ:

--00—ԼՄ