Ողջ օրը սպասեցնել, վերջում գրել` ուղևոր չի եղել, մանկապարտեզի մակարդակի տեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Նավիկ

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի 2 միտք էլ ես գրեմ Fly Armenia-ի B737-300-ի մասին, քանի որ մազերս սպիտակել է վերջին 20 տարում օդանավերի վարձակալության թեմաներում։

Օդանավը բերվել է ՀՀ նախկինում, EK-FAA հիմնական գրանցման տարբերանշանի գոյությունը օդանավի ֆյուզելաժի վրա վկայում է դրա մասին, արտերկրում դա անել անհնար է, քանի որ ՔԱԿ-ը, ըստ օրենքի, տրամադրում է այդ տարբերանշանը միայն օդանավի և բոլոր փաստաթղթերի ՀՀ-ում փաստացի առկայության և ՔԱԿ-կողմից փաստաթղթերի ընդունման պարագայում։ Օդանավը գրանցվել է ՀՀ ռեգիստրում 2021-ի հունվարի 8-ին, օդանավի սեփականատերը, ըստ իմ տվյալների, լիտվական Magnetic Leasing վարձակալն է։

IBA աղբյուրի համաձայն, ինչը հիմնականում օգտագործում են վարձակալները, 1999 թվականին արտադրված և CFM56-3C1 շարժիչներ կրող B737-300 օդանավերի վերջին շուկայական արժեքը գնահատվել է 2017 թվականին` 2,45M$, դրանից հետո, այսինքն՝ վերջին 4 տարիներին, այն գնողունակ պահանջարկ չի ունեցել շուկայում և IBA-ի աղբյուրում котировка չի ստացել վարձակալների համար, այսինքն՝ գույքի արժեքը այլևս չի գնահատվել։

Եթե օդանավը չվերթը կատարել է Տալլինից և այն Եվրամիության տարածք է, ապա կարող ենք վստահ լինել, որ Eurocontrol-ը տվել է թռիչքի թույլտվությունը՝ ունենալով այն վստահությունը, որ օդանավը վայրէջք կկատարի ըստ flight plan-ի՝ միայն Երևանում, ենթադրաբար, մինչև այդ այն գնացել էր Մերձբալթյան երկրներից մեկը` տեխնիկական սպասարկման, և ավարտից հետո պետք է վերադառնար Հայաստան։

Ուղևորներ չլինելու պահով մեր ՔԱԿ-ը հանրությանը հանգստացրեց ցերեկվա ժամը 5-ի մոտ…

Տենց մեծ խելք ա պահանջվո՞ւմ՝ հիշելու համար, որ Հայաստանում գրացված օդանավերը իրավունք չունեն ուղևոր տեղափոխել դեպի Եվրոպա, և հակառակը, քանի որ մենք սև ցուցակի մեջ ենք արդեն 1 տարի: Ավելին, եթե անգամ մենք սև ցուցակում չլինեինք, օդանավով դեպի Եվրոպա ուղևոր տեղափոխելու թույլտվություն ստանալու համար Fly Armenia-ն պետք է TCO (third country operator) սերտիֆիկատ ունենար, որի ստացման համար դիմում ստանալու պահից մինմում 6 ամիս ժամանակ է հարկավոր, էլ չեմ ասում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և EASA աուդիտների անցկացման թեմաները։ FA-ան դա իհարկե չունի, հետևաբար ամբողջ օրվա ընթացքում հանրությանը սպասեցնել և վերջում գրառել, որ՝ հանգիստ եղեք, ուղևոր չի եղել, դա մանկապարտեզի մակարդակի տեղեկատվություն է։

Գնի պահով` եթե 2017-ին 2,45 միլիոն $ էր, հիմա օդանավի վաճառքի գինը ավիացիոն շուկայում մոտ 1,0 միլիոն կլինի, ոչ ավել։ Բայց այ Իրանում դրա գինը հասկանալի պատճառներով կարող է հասնել մոտ 5,0M$-ի, այստեղ ես եզրահանգումներ չեմ անում…

Օդաչուների պահով, թեկուզ արտասահմանցի, նրանք պետք է FA-ում պարտադիր գրանցված օդաչուներ լինեն և վերահսկվեն ՀՀ ՔԱԿ-ի կողմից, հակառակ դեպքում նորից կունենանք օրենքի խախտում։ Որպես խորհուրդ ՔԱԿ-ին` եթե ամեն ինչ մաքուր է և թաքցնելու բան չկա, կարելի էր ուղղակի զանգել օդաչուներից մեկին և հարցնել` հարգելիս, ինչո՞ւ չհետևեցիր քո հաստատված flight plan-ին, ամենաշատը 2 րոպե կտևեր ճշմարտությունը իմանալը. և հանրությանը ամբողջ մի օր չամչի գրավ դնելու անհրաժեշտություն չէր լինի ։

Ասեմ, որ ԱՄՆ դեսպանատունը հետևում է այս գործընթացներին, և վայ-բիզնեսմենները շուտով կհասկանան՝ ինչ է հետևելու ԱՄՆ սանկցիաները խախտողներին։

Ցավալի է, որ այդ սանկցիաների խախտման հաստատման պարագայում մեր երկրի վարկը հերթական անգամ կընկնի, ավիացիայի մասին էլ չեմ խոսում։

Ավիացիան կարող են ղեկավարել և զարգացնել միայն ավիատորները»:

--00--ԱԹ