Թե «Իսկանդերը» քանի տոկոսով է պայթել, միայն հակառակորդը կարող էր իմանալ. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում «Իսկանդեր» մարտավարական հրթիռների մասին արված հայտարարությունների վերաբերյալ 24News-ը զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, վարչապետը հայտարարեց, որ «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է  10 տոկոսով։ Տեխնիկապես նման բան հնարավո՞ր է։

-Ցանկացած զենք կարող է պայթել կամ չպայթել, բայց դրա մասին հավաստի միայն կարող է ասել այն անձը, ում վրա կրակել են, այսինքն՝ հակառակորդը։ 

-Ասինքն «Իսկանդեր» կրակողը չի կարող իմանալ, թե դրա քանի տոկոսն է պայթել։

-Այո, չի կարող իմանալ, որովհետև գտնվում է 100-ավոր կիլոմետրեր հեռու։

-Խոսվեց նաև ռազմական պլանի փոփոխության մասին։ Դուք նախկինում հայտարարել էիք, որ այն իշխանափոխությունից հետո փոփոխվել է, ապա հերքել էիք Ձեր հայտարարությունը։ Ի վերջո, փոփոխություն եղե՞լ է։

-Այսօրվա իշխանությունն ասում է՝ իբր ոչինչ չի փոխել։ Ինձ թվում էր՝ այն զինամթերքը, որը ձեռք են բերել, պիտի մտցնեն պլանի մեջ։ Ինքնաթիռները, որոնք ձեռք են բերել, այն ժամանակվա պլանում չկային։ Եթե իշխանությունը փոխվում է, նոր ղեկավարությունը կամ պետք է նախկին պլանի հետ համաձայնի ու սկսի այն կյանքի կոչել, կամ պիտի փոփոխի։ Քանի որ իրենք այնպիսի սպառազինություն են ձեռք բերել, որը պլանի մեջ չկար, ես ենթադրել եմ, որ փոխվել է պլանը, սակայն հետո քննությամբ պարզվել է, որ այն չի փոխվել։ Եվ դա ավելի վատ է։ Եթե չի փոխվել, ապա պետք է իրագործվեր այն պլանը, որը հաստատվել է նախկին ղեկավարների կողմից։ Նախկին պլանը եթե կյանքի կոչեին, ապա մեր հակաօդային պաշտպանությունն այս վիճակում չէր լինի։

-Իշխանությունն ասում է, որ կոնկրետ երկրներ չեն եղել, որոնք պատրաստ էին այդ զինատեսակները վաճառել Հայաստանին։

-Ես չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև այդպիսի սպառազինություն մենք ձեռք ենք բերել, և պլանում հաստատված ռազմամթերքի գնման աղբյուրները նույնպես հայտնի են եղել։ Թե ինչն է եղել պատճառը, որ հետո չեն մատակարարել Հայաստանին, ես չեմ կարող ասել։ 

-Փաշինյանի խոսքով՝ այժմ ՊՆ-ում, ԳՇ-ում 2020թ-ի Արցախյան պատերազմի հետ կապված վերլուծություն է տեղի ունենում։ Այս մասով Դուք՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա, տեղեկության տիրապետու՞մ եք։

-Ես տեղյակ չեմ այդ մասին, քանի որ այսօր պաշտոնատար անձ չեմ։ Բայց կարծում եմ՝ այդպիսի վարլուծություն կկատարեն։ Կոնկրետ գիտեմ, որ զորահավաքի չկատարման վերաբերյալ քննություն է անցկացվում, բայց մնացածը չեմ կարող ասել։

-Կարծում եք ներկայիս իշխանությունների օրոք այդ քննությունն օբյեկտիվորեն կարո՞ղ է իրականացվել։

-Չեմ կարող մարդկանց կանխավ չհավատալ, բայց բանակում այնպիսի անձնավորություններ կան, որոնք իրականությունն ի հայտ կբերեն, կդնեն ղեկավարների առաջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք դրանից ճիշտ հետևություններ կանեն, թե ոչ։ Նախկինում էլ խնդիրները բարձրացնում էինք, բայց հետևություններն այլ ուղղությամբ էին տարվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ