«CHRYSLER» վարող կնոջ և ուղևորի ուղղությամբ կրակ բացած տղամարդը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

Փետրվարի լույս 19-ի գիշերը, ժամը 01.30-ի սահմաններում, ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի եւ Գուգարքի բաժինների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ։ Նա 2020 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ղափանցյան փողոցի 58/1 հասցեի մոտ մեքենա է այրվում, կրակոցների եւ արյան հետքեր կան։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ 33-ամյա տղամարդը փակել է «CHRYSLER» մակնիշի ավտոմեքենայի դիմացը, ապա հրազենով կրակոցներ է արձակել մեքենան վարող կնոջ եւ նրա ուղեւորի ուղղությամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

 --00—ՄՀ