Այսպես մենք դատապարտված ենք նորից ու նորից անցնելու նույն ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1
Աշխատաշուկայի անհամաչափության մասին

Այսօր Հայաստանի աշխատուժի շուկայում ձևավորվել է կառուցվածքային լրջագույն դիսբալանս (անհավասարակշռություն) կամ կառուցվածքային գործազրկության խնդիր: Շատերն ունեն ինչ-որ մասնագիտություններ, որոնք, սակայն, պետք չեն կամ պահանջված չեն աշխատուժի շուկայում: Միևնույն ժամանակ, կան մասնագիտություններ, որոնք  պահանջված են, բայց այդ մասնագիտությամբ ու պահանջվող որակավորումով աշխատողներ չկան: Արդյունքում, մի կողմից մենք արձանագրում ենք բարձր գործազրկության մակարդակ՝ շուկայում առկա չլրացված պահանջարկի պայմաններում, մյուս կողմից արձանագրում ենք աշխատավարձերի միջև հսկայական ճեղք, երբ շատ մեծ թվով մարդիկ ստանում են շատ ցածր աշխատավարձ և շատ ավելի փոքրաթիվ մարդիկ ստանում են շատ բարձր աշխատավարձ: Այս երևույթը, բացի սոցիալական հետևանքներից (գործազրկության բարձր մակարդակից), առաջացնում է խնդիր նաև տնտեսության համար, քանի որ տնտեսության մեջ առկա պահանջարկը կոնկրետ մասնագիտությունների գծով չի բավարարվում, և տեղի է ունենում աշխատավարձերի ինֆլյացիա: Իսկ երբ աշխատավարձերը սկսում են բարձրանալ, Հայաստանի տնտեսվարողը, բիզնեսը, արտադրողը, բարիք ստեղծողը դառնում է ոչ մրցունակ մեկ այլ երկրի համանման արտադրողի, բարիք ստեղծողի համեմատ, քանի որ իր արտադրանքի ինքնարժեքի վրա բացասաբար է ազդում ավելի բարձր, քան այլ երկրներում աշխատավարձին ուղղվող ծախսը: Նկարագրված խնդիրը միայն Հայաստանին չէ բնորոշ. մի շարք հետազոտություններ, որոնք արվել են Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում, վկայում են, որ այդ երկրներում աշխատուժի մինչև 80 %-ն իր գիտելիքների և որակավորումների առումով պահանջված կամ մրցունակ չէ:

Մասնագետների պահանջարկի մասին

Ցավոք, այսօր մենք Հայաստանում զանգվածաբար «արտադրում ենք» դիպլոմներ ու վկայականներ ունեցող, սակայն  ժամանակակից որակավորման պահանջները չբավարարող, իսկ որոշ դեպքերում նաև՝ չկրթված «մասնագետների»: Խոսելով կրթական համակագից՝ պետք է խոստովանել, որ մեր կրտսեր դպրոցը վատը չէ: Իրականում լավն է ու որակյալ, և դա ունի տարբեր բացատրություններ՝ մեր մանկավարժական համալսարանի հարաբերականորեն լավ որակից մինչև կրտսեր դպրոցում բոլորի համար վաղուց հասկանալի ու հստակ չափորոշիչներ ու ստանդարտներ: Ամեն ինչ սկսում է վատանալ միջին դպրոցում, երբ մի կողմից մեր երեխաները մտնում են իրենց ձևավորման ու հասունացման ավելի բարդ փուլ, մյուս կողմից՝ կրթական չափորոշիչներում ու ստանդարտներում սկսվում է շիլաշփոթ, իսկ հասարակական ոչ ամենաբարվոք հարաբերությունները մխրճվում են երեխաների՝ փխրուն ու նոր ձևավորվող գիտակցություն: Ավագ դպրոցում, միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում այս խառնաշփոթը բերում է վերջնական աղետի: Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ մենք չենք ունենում առարկայական օլիմպիադաներում հաղթողներ, կամ չեն լինում աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունվող երիտասարդներ, բայց վերջիններս ավելի շատ բացառություններ են, քան օրինաչափություն, և դա չի կարող վկայել երկրի կրթական համակարգի ընդունելի մակարդակի (որակի) մասին:

Առաջնահերթ, բայց անտեսված կրթական խնդիրների մասին

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ այսօր դպրոցում իրենց առաջնահերթությամբ հատկապես աչքի ընկնող խնդիրներն են.

-մաթեմատիկայի ու ֆիզիկայի դասավանդման բացերը. ընդհանրապես, բնագիտական առարկաների դասավանդումը տարբեր պատճառներով այսօր «կաղում» է,

- երեխաների շրջանում արմատավորված և այսպես կոչված՝ «գողական բարքերը» և դրանից բխող մտածելակերպը՝ սովորելն ամոթ համարելը,

- կրտսեր դպրոցում, հատկապես՝ Երևանից դուրս, շրջաններում, երեխաների թերսնուցման ու դպրոցական նախաճաշերի խնդիրները,

- ֆիզկուլտուրայի ու, ընդհանրապես, զանգվածային սպորտի նկատմամբ քամահրանքը,

-ավագ դպրոցում կրթության կազմակերպման անհասկանալի չափորոշիչներն ու ստանդարտները,

- միջին մասնագիտական ու պրոֆ-տեխնիկական կրթության համակարգի փաստացի բացակայությունը,

-միայն դպրոցական կրթության բազայի հիման վրա բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվելու անհնարինությունը,

- պոլիտեխնիկական (էլ չասած՝ տեսական մաթեմատիկայի, ֆիզիկայի ու քիմիայի մասին) բարձրագույն կրթության ոչ նորաձև լինելը՝ ի տարբերություն անհասկանալի ու այսօր աշխատուժի շուկայում պահանջարկ չվայելող տնտեսագիտական, միջազգային հարաբերությունների, իրավաբանական և այլ հումանիտար մասնագիտությունների,

- և այլն, եւ այլն:

Իհարկե, վերը բերված որակումները ոմանք կարող են ծայրահեղացված համարել, բայց իրականում, քանի դեռ մենք ունենք տնտեսության մեջ աշխատուժի շուկայում նկարագրված դիսբալանսը, ցանկացած քննարկում այս որակումների սուր կամ մեղմ լինելու մասին մնալու է միմիայն իբրև քննարկում:

Կրթություն և քաղաքականություն

Տարբեր ժամանակներում կառավարությունները փոփոխական հաջողությամբ, իսկ շատ դեպքերում՝ անհաջողությամբ, փորձել են այս կամ այն կերպով անդրադառնալ վերը թվարկած խնդիրների լուծմանը: Օրինակ, փորձ էր արվում «պետպատվերի» շրջանակում անվճար ուսուցման տեղեր հատկացնել ավելի շատ մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաների գծով և փոխարենն ավելի քիչ՝ իրավագիտության կամ տնտեսագիտության համար: Բավական երկար ժամանակ քայլեր էին արվում՝ իմաստավորելու ավագ դպրոցների գոյությունն ու կրթական չափորոշիչները: Ցանկը կարելի է շարունակել: Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ մեծ հաջողություններ գրանցել դեռևս չի ստացվել: 

Անդրադառնալով այսօրվան. Հայաստանում թերևս միայն ծույլը չի քննադատել կառավարության քաղաքականությունը կրթության ոլորտում: Կրթության ոլորտի  պատասխանատուներն էլ, թերևս շատ պարզ ու անկեղծ համարում են այդ քննադատությունը «քաղաքական պատվեր» ու, համենայն դեպս, տեսանելի կերպով ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված որևէ լուրջ ծրագիր կամ ռազմավարություն չեն մշակում և չեն իրականացնում: Փոխարենը, մենք վկա ենք դարձել, թե ինչպես է իշխանությունը կրթության ոլորտում հետևողականորեն «մաշում» իր քաղաքական կապիտալը: Հակառակ պարագայում անհասկանալի է, թե ինչու է բոլորի համար առաջնահերթություն համարվող վերը թվարկած խնդիրների լուծման փոխարեն առաջ  քաշվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  «բարեփոխմանն» ուղղված նախաձեռնությունը, որի միակ արդյունքը, թերևս, եղավ սկանդալը: Նույն կերպ անհասկանալի մնաց, թե ինչու կասեցվեց «Այբ» կրթական հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, որով հանրապետության ԲՈԼՈՐ ավագ դպրոցները ստանում էին նոր, ժամանակակից կրթական չափորոշիչների հնարավորություն, բացի դրանից՝ անգլիական և, ընդհանրապես, արևմտյան կրթական ստանդարտներին համապատասխանության՝ միջազգայնորեն ճանաչելի հավաստագրում: Կրթության պատասխանատուները, հիմնվելով, իրենց ընկալմամբ, իրենց դեմ տարվող «քաղաքական պատվերի» կանխավարկածի վրա, հակադարձում են, որ Հայ եկեղեցու պատմությունը չեն վերացրել, այլ ընդգրկել են Հայ ժողովրդի պատմության առարկայի մեջ, իսկ «Այբ» կրթական հիմնադրամի պատասխանատուները արել են պետական միջոցների «վատնում», ու կրթության ոլորտի պատասխանատուները պայքարում են դրա դեմ: Իրականում այդ նույն պատասխանատուները չեն ուզում անկեղծ ու շիտակ պատասխանել այն հարցին, թե ինչու, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի խնդիրները մի կողմ թողած, իրենց քաղաքական կապիտալը սկանդալի միջոցով «մաշեցին»՝ անհասկանալի մոտիվացիայով ներխուժելով եկեղեցի-հասարակություն-պետություն շղթայի նուրբ օղակների մեջ: Կամ արդյո՞ք Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում կրթական չափորոշիչները միջազգային ստանդարտներին համապատասախանեցնելու ու սերտիֆիկացնելու համար «Այբ» կրթական հիմնադրամին հատկացված 2.5 մլրդ ՀՀ դրամից ընդամենը 8 մլն ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ խախտումների համար պետք էր կանգնեցնել այդքան կարեւոր մի ամբողջ ծրագիր կամ փոշիացնել ստեղծված արդյունքը՝ ընդ որում առանց սեփական այլընտրանքն առաջարկելու: Վերջին երկուսուկես տարում մենք բոլորս ականատես եղանք առանց գոնե պատշաճ հիմնավորումների կրթական այս կամ այլ նախագծի կամ դադարեցմանը կամ փնովմանը («Հայ ասպետ», Dasaran.am). նման օրինակները բազմաթիվ են, իսկ որտե՞ղ են դրանց փոխարեն ստեղծված նոր ծրագրերը։

Երբ կամ եթե կրթության պատասխանատուները մի կողք դնեն իրենց թյուր պատկերացումները քաղաքականության մասին ու անկեղծ, մարդկայնորեն ու սրտացավ կերպով կփորձեն պատասխանել այս ու նմանատիպ այլ հարցերի, այդ ժամանակ գուցեեւ ինչ-որ դրական բան հաջողվի իրենց անել կրթության ոլորտում: Բայց վախենամ՝ մինչև նրանք հասունանան,  նրանց քաղաքական կապիտալն ու լեգիտիմությունն իսպառ կփոշիանան: Ու մենք կրկին, արդեն նոր իշխանությունների հետ միասին, կսկսենք անցնել այս նույն ճանապարհը:

Դավիթ Սարգսյան

Տնտեսագետ, ֆինանսիստ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար

--00—ԼՄ