Սևանի ոստիկանները բնակարանային գողին դեպքի վայրում բռնել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում: Մեկնեցին և համոզվեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Մնացածը` ըստ կարգի: Արձանագրվեց, որ առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ մոտ 20 րոպե առաջ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է պատուհանը, մտել տուն, սակայն ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, հարցաքննվեց ու ձերբակալվեց:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ անցած տարվա օգոստոսի վերջերին ձերբակալվածը նույն առանձնատան առաջին հարկի պատուհանով մտել էր ներս ու գողացել կենցաղային իրեր: Այս գողության մասին տանտերը ժամանակին չէր հայտնել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ