ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է COVID-19-ի պատվաստանյութեր ձեռք բերելու աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի եւ ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների եւ հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:

«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, եւ պատրաստ ենք առողջապահության նախարարության եւ կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները եւ հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաեւ կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն եւ հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության եւ կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը:

«Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության եւ հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյուքնում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները:

--00--ԱՀ