Թուրքիան պատրաստվում է իր «մեծագույն առաքելության» իրականացմանը. Աբովյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ թուրքասեր գերագույն հողատուն և իր հակահայկական կառավարությունը նախապատրաստվում են թուրքերի հետ սահմաններ բացել,թուրքերը իր հերթին նախապատրաստվում են Մեծ Թուրանի իրավական հիմքերի ձևավորմանը:

Թուրքիան պատրաստվում է իր «մեծագույն առաքելության» իրականացմանը:

Էրդողանը որոշել է, որ Թուրքիան պատրաստ է դառնալ տարածաշրջանի առաջատար դերակատար:

Այդ առաքելությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է թուրք հասարակության համախմբում (կոնսոլիդացիա) և բոլոր ռեսուրսների, ուժերի կենտրոնացում (մոբիլիզացիա)

Էրդողանը կրկին սկսեց խոսել նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունից:

Համախմբումն առավել կարևոր է երիտասարդության շրջանակում դժգոհությունների աճի համատեքստում:

Այսօր Թուրքիան ապրում է ռազմական հեղաշրջումից հետո 1982թ.-ին ընդունված Սահմանադրության համաձայն:

Այդ Սահմանադրությունն արդեն մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների:

Լայնածավալ փոփոխություններ եղել են 2001թ.-ին, երբ Թուրքիան պատրաստվում էր մտնել ԵՄ:

Դրանց հիմնական դրույթներն էին՝ խոսքի ազատության սահմանափակումների վերացում, մահապատժի վերացում (բացառությամբ պատերազմի ժամանակ գործած ահաբեկչության դեպքերի համար), ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձանց համար ժամկետների կրճատում, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվության օգտագործման արգելք և այլն:

Թուրքիայի Սահմանադրության մեջ 2004 թ.-ին արված փոփոխությունները հաստատեցին տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների սկզբունքը, վերջնականաապես վերացրին մահապատիժը, ցրեցին պետական անվտանգության դատարանները և հռչակեցին միջազգային իրավունքի նորմերի գերակայությունը մարդու իրավունքների ոլորտում:

2007-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների փաթեթ, ըստ որի նախագահական ընտրությունները դարձան ուղիղ՝ ժողովրդի կողմից: Երկրի ղեկավարը սկսեց ընտրվել հնգամյա ժամկետով` ևս մեկ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ (նախկինում նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով) Փոփոխություններով ապահովվեց նախագահական ընտրությունների անցկացումը երկու փուլով, օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետի կրճատումը հինգ տարուց՝ չորսի, ինչպես նաև նախկինում խորհրդարանում գործող քվորումի փոփոխությունը:

Բացի այդ, 2010 թ.-ին վերացվեց 1980 թ.-ի Ռազմական հեղաշրջման մասնակիցների անձեռնմխելիությունը և 26 փոփոխություն կատարվեց Սահմանադրության մեջ: Դրանք վերաբերում էին արդարադատության համակարգի բարեփոխումներին, մասնավորապես Սահմանադրական դատարանին և Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդին, նախատեսում էին քաղաքացիական դատարանների կողմից զինվորականների դեմ քրեական գործեր հարուցելու հնարավորություն, քաղաքական կուսակցությունների լուծարման գործեր հարուցելու լիազորությունները վերաքննիչ դատարանից փոխանցում էին խորհրդարանին, ներմուծվեց օմբուդսմենի ինստիտուտը, պետական համակարգի ծառայողներին շնորհվել է կոլեկտիվ գործարքներ կնքելու և գործադուլ անցկացնելու իրավունք:

Վերջին փոփոխությունը եղել է 2017թ.-ին, երբ երկրի նախագահն օժտվեց իշխանության իրական լծակներով, իսկ Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից վերածվեց նախագահականի: Հիմա Էրդողանը լայնամասշտաբ սահմանադրական բարեփոխումների գաղափար ունի: «Թուրքիան սա է» հեռուստաալիքը ճիշտ է հավաստում. «Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ղեկավարը շարունակում է բարեփոխել Թուրքիան՝ համաձայն երկրի ապագայի իր տեսլականի: Սպասվում է հիմնարար փոփոխությունների հաջորդ փուլը՝ ուղղված նոր Թուրքիայի կառուցմանը»:

Իր հերթին, «Նեուդաշան» նշում է. «Թուրքիայի նոր Սահմանադրությունը կարտացոլի Էրդողանի էքսպանսիոնիստական նկրտումները, որը չի թաքցնում իր պանթուրքիստական նպատակները, այսինքն՝ աշխարհի բոլոր թյուրքական ժողովուրդներին միավորել ուղղակի պետական ինքնիշխանության ներքո կամ գոնե գաղափարական ազդեցության շուրջ, և սա լուրջ սպառնալիք է առաջին հերթին Ռուսաստանի համար, քանի որ այստեղ՝ Վոլգայից մինչև Հեռավոր Արևելք ապրում են թուրքալեզու ժողովուրդներ: Նոր Սահմանադրության տեքստի հայտնվելուն պես անհրաժեշտ կլինի ուշադիր կարդալ այն, քանի որ Էրդողանի խոսքերն ու գործերը երբեք չեն տարբերվում, և նույնիսկ շատ քողարկված պանթուրքիստական հայտարարությունները բավականին նյութական հետևանքներ կունենան»:

Նոր թուրքական Սահմանադրության ընդունումը կհանգեցնի Էրդողանի իշխանության ուժեղացմանը, ինչպես նաև թուրքական հասարակության համախմբմանն ու ներքին մոբիլիզացիային, ինչը թույլ կտա Անկարային ձեռնամուխ լինել իր նեոօսմանական և պանթյուրքական նպատակների առավել հավակնոտ իրականացմանը:

ՀԳ

Ռուսաստանը հստակ գիտակցում է, որ մոտ ապագայում մենք մրասին ստիպված կլինենք կամ ակտիվորեն ընդդիմանալ նեոօսմանյան Թուրքիային, կամ հանձնվել և կամավոր կերպով նրան հանձնել այն ամենը, ինչ նա կպահանջի: Որևէ «մերձեցման» կամ «բարիդրացիական» հարաբերությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Իսկ ով քարոզում է հակառակը, կամ անմեղսունակ է, կամ թուրքերի ուղղակի գործակալ։

ՀԳԳ

Նիկոլ, ԳՆԱ»