Շենգավիթում վթարված ջրագծի փոխարեն նախատեսվում է կառուցել նորը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

․

Ինչպես արդեն տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական շրջանում խաթարվել է ջրամատակարարման գործող ռեժիմը, և, չնայած ընկերության կողմից այլընտրանքային խողովակաշարերով ջրի լրացուցիչ քանակի վերուղղմանը դեպի Շենգավիթ, համայնքում զգացվում է ջրի անբավարարություն՝ հատկապես շենքերի վերին հարկերում:

Վթարի պատճառը կազմակերպությունների և քաղաքացիների կողմից խողովակաշարի հետագծի վրա տարիներ շարունակ ապօրինաբար կատարված շինարարական ու կենցաղային աղբի լիցքն է, որի ծանրության տակ ի վերջո ճզմվել է խողովակաշարը:

Արդեն երկու օր է, ինչ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները վթարի վայրում են, անում են հնարավորը վթարը արագ վերացնելու և քաղաքացիների բնականոն ջրամատակարարումը վերականգնելու նպատակով։ Ջրագիծը գտնվում է մոտ 9 մետր խորության տակ, ինչը դժվարացնում է աշխատանքները։ Նաև տարածքն է լայնածավալ աշխատանքի համար անհարմար. հնարավոր չէ միանգամից բազմաքանակ շինտեխնիկա աշխատեցնել, հողի լիցքի կտրուկ թեքությունն իր հերթին վտանգում է տեխնիկայի անվտանգ աշխատանքը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ ջրագծի հետագա շահագործումը պարզապես անհնարին է, «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է քաղաքապետարան նոր ջրագիծ կառուցելու թույլտվության համար, իսկ մինչ այդ արագացված տեմպերով կազմվում է նախահաշիվ – նախագիծ, որպեսզի արդեն առաջիկայում սկսվի այլընտրանքային խողովակաշարի կառուցումը:

--00--ԱՀ