ՊՆ-ի պես կարևոր կառույցի նկատմամբ վստահությունը շարունակում է անկում ապրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հասարակական

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Խնձորեսկի գյուղապետարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է գյուղի հովիվի և ադրբեջանցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (ադրբեջանցիները ոչխարները տարել են, ավելի ուշ՝ հետ վերադարձրել) նաև տեղեկացրել, որ թեմային արձագանքել են սահմանապահները, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը և բանակցությունների արդյունքում խնդիրը հարթվել է։

Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ-ն այդ և հաջորդ օրվա իր պաշտոնական հաղորդագրությունում նշել է, որ «փետրվարի11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»։

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը շարունակում ապատեղեկատվության սփռումը։ Իմաստը որն է՞։ Եղել է միջադեպ՝ տեղեկացրեք ու անցեք առաջ, ինչո՞ւ եք թաքցնում։

Արդեն 2-րդ, թե 3-րդ դեպքն է, որ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է փոխանցում։

Նախորդը Սյունիքի Տեղ համայնքում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների միջադեպն էր։ Դեպքից 2 օր հետո նրանց հանձնել էին Ադրբեջանին, սակայն այդ երկու դրվագներից որևէ մեկի վերաբերյալ ոչ միայն պաշտոնապես չէր հայտարարվել, այլ ՊՆ-ն նույնիսկ ամենօրյա հաղորդագրությամբ նշել էր, որ միջադեպեր չեն գրանցվել։

Մի պարզ հարց տամ ՊՆ-ին՝ ինչո՞ւ եք ամեն օր սահմանային իրադրության վերաբերյալ հաղորդագրություն տարածում, եթե դրանք շատ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ հանրության մոտ ձեր հայտարարությունների նկատմամբ վստահությունը անվտանգության սպառնալիքի հասնող ցածր է։

Նպատակս ձեզ հիմար դրության մեջ դնելը չէ, մտահոգությունս ՊՆ-ի պես կարևոր կառույցի նկատմամբ վստահության մակարդակն է, որը ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել»։

--0--ԿԿ