Ռուսաստանն արձագանքել է Թուրքիայի տարածքային «ախորժակին» ու կանխատեսում-քարտեզին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Թուրքիա

Թուրքական TRT1 հեռուստաալիքը եթերում ներկայացրել է քարտեզ, որում Անկարայի ազդեցության ընլայնման տարածքն է: Քարտեզ-կանխատեսումը Ստրատֆոր հայտնի կենտրոնինն է: 

Նշված կենտրոնը կանխատեսել է, որ 2050 թ.-ին Թուրքիայի ազդեցության տարածքում կհայտնվեն Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Անդրկովկասը, Միջին Ասիան, նաև Ռուսաստանի Դաշնության մասը: Անկարայի հետաքրքրությունների գոտում են հայտնվել Ղրիմը, Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջանները, Ռոստովն ու Աստրախանը, Կալմիկիան և այլ հատվածներ:

Թուրքիայի ազդեցության գոտում, համաձայն կանխատեսումների, պետք է հայտնվեն նաև Հայաստանը, Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Ադրբեջանը, Եմենը, ԱՄԷ-ն և նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետությունների որոշ հատվածներ:

Այս քարտեզին արձագանքները չեն ուշացել: Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության  և միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելը նշել է, որ այս քարտեզն անհեթեթ է, նա Թուրքիային խորհուրդ է տվել ռուսական տարածքների մասին երազանքներից հրաժարվել:

«Այս ամենն այնքան անհեթեթ է, հիշեցնում է գիտաֆանտաստիկ ժանրից մի հատված: Թուրքական կողմին կարելի է միայն խորհուրդ տալ` ռուսական տարածքների մասին երազանքները թողնել մի կողմ, հակառակ դեպքում այս անչափելի ախորժակը կարող է վնասել իրենց»,- նշել է նա: 

ՌԴ Պետդումայի պատգամավորները նշել են` ԼՂ-ում տեղի ունեցած պատերազմից հետո Թուրքիան չափից դուրս ինքնավստահ է դարձել և բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին: 

Պետդումայի` պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը կարծում է, որ երկկողմ հարաբերություններում ՌԴ զգուշավոր և բարեկիրթ դիրքորոշումը սխալ է հասկացվել, ուստի Մոսկվան պետք է ԼՂ հակամարտության գոտում խոցված ռուսական ինքնաթիռի հարցում ավելի կոշտ դիրքորոշում դրսևորի:

Մեկ այլ պատգամավոր` Անդրեյ Կրասովը, թուրք պաշտոնյաներին խորհուրդ է տվել ուշադիր ուսումնասիրել ՌԴ պատմությունը:

«Եթե նրանք ցանկանում են իրենց մաշկի վրա փորձել ռուսական զենքի և ոգու ուժը, թող փորձեն»,- ասել է նա:

 

--00--ԱԹ