ԱՆ պարզաբանումը ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ՄԻԱՎ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն, գործող 1997թ-ին ընդունված օրենքը արդի մոտեցումներին համապատասխանեցնելուն:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով փաստին, որ Ազգային ժողովը փետրվարի 11-ին մերժել է  նախագիծը:

«Նախագծում 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ որևէ փոփոխություն ներառված չէ, սույն կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում: Փոխարենը, նախագծի դրույթներից մեկը ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության վերացմանը. քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված կետերը խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորում անցնելու,  կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերը և բուժումը միանշանակ թույլ են տալիս վարակի  փոխանցումը դարձնել անհնար, և այս տրամաբանության մեջ, գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ: Այս բոլոր փոփոխությունների և լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա: Նախագծի ընդունման հետաձգումը նպաստելու է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության շարունակությանը»,- ասված է նախարարության տրամադրած պարզաբանման մեջ:

--00--ԱԹ