Բավրայի մաքսակետում բեռնատարների անխափան մուտքը և ելքն իրականացվում է կանոնավոր․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

Բավրա

Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղորդվել էր Բավրա: Այդ շրջանում անցակետն աշխատել է ծանրաբեռնված: Անցակետի պատասխանատուները վստահեցնում են` իրավիճակից հաջողվել է պատվով դուրս գալ, քանի որ Քովիդով պայմանավորված՝ արգելված էր ուղևորների և թեթև մարդատար մեքենաների սահմանահատումը, հետևաբար ամբողջ ներուժն ուղղորդվել է հենց բեռնատարների
սպասարկմանը:

ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ Արտակ Խաչատրյանի խոսքով՝ 24 ժամյա ռեժիմով պատշաճ սպասարկում է իրականացվում սահմանը հատողների համար. բեռնատարների վարորդները բեռի ուղեկցող
փաստաթղթերով մոտենում են ձևակերպումների բաժին, նախապես անցնելով կշռման և ռենտգեն զննման գործընթացներով:

Վրաստանից Հայաստան սահմանը ցամաքային ճանապարհով արդեն կարող են հատել Վրաստանի քաղաքացիները՝ միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում: Փետրվարի 8-ից 11-ը սպասարկվել է Վրաստանի շուրջ 140 քաղաքացի: Սահմանված կարգով քաղաքացիները նախ ջերմաչափվում են հենց մաքսակետի տարածքում, այնուհետև
զննվում է նրանց ուղեբեռը: Ժամանողներն ուսանողներ են:

Մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով` սպասարկումը հնարավորինս արագ ու հարմարավետ իրականացնելու համար:

--00—ՄՀ