Ադրբեջանից մեզ վստահեցնում են` հուշարձանների պղծման դեպքերը չեն խրախուսվում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

Զախարովա

Հուշարձանի պղծման ցանկացած դեպք անընդունելի է, իսկ երբ խոսքը հայրենական պատերազմի հերոսների հուշարձանի մասին է, այստեղ այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը պղծելուն:

«Հուշարձանների պղծման հետ կապված մեր սկզբունքային վերաբերմունքը քաջ հայտնի է: Մենք մեկ անգամ չէ, որ ուշադրություն ենք հրավիրել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` ԵՄ տարածքում Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանների քանդման, վանդալիզմի փաստերի վրա: Մենք ուշադրություն ենք հրավիրել այդ զգայուն հարցի նկատմամբ տեղեկատվական հարթության մեջ մանիպուլյացիայի դեպքերի նկատմամբ»,- ասաց նա:

Զախարովան, խոսելով կոնկրետ այս դեպքի մասին, նշեց` անմիջապես այս հարցերի վերաբերյալ, երբ ստացել են այս տեղեկությունը, կապ են հաստատել ադրբեջանցի գործընկերների հետ:

«Նրանք մեզ վստահեցրին, որ վանդալիզմի ակտերը, Հայրենական մեծ պատերազմին ու հերոսներին նվիրված հուշարձանների և գերեզմանների քանդման դեպքերը ճիշտ ժամանակին արձանագրել են ադրբեջանական կողմում, հետաքննություն է անցկացվում, և նրանք, ովքեր վանդալիզմի ակտ են իրականացնում, պատասխանատվության են ենթարկվում, և նման գործողությունները բոլորովին չեն խրախուսվում»,- նշեց նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ չի պատրաստվում ադրբեջանական կողմի փոխարեն մեկնաբանել այս հարցը, բայց պատասխանեց, քանի որ արդեն իսկ Բաքվի գործընկերների հետ կապ է հաստատել: 

«Մենք բոլորս`հայ, ռուս, ադրբեջանցի, պետք է հիշենք` Հայրենական մեծ պատերազմը և հաղթանակը մեր ժողովուրդների ձեռքբերումն է, բոլորս պետք է արձագանքենք հուշարձանների պղծման, վանդալիզմի ակտերին` ոչ թե առանձին դեպքերում, այլ միշտ: Ես սրտանց կցանկանայի` իբրև քաղաքացի նաև, որ մենք միայնակ չլինենք պատմության կեղծման և վանդալիզմի դեմ պայքարում»,- նշեց նա:

--00--ԱԹ