Առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական համագործակցության առանցքում է. Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

2021 թ. փետրվարի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հյուրընկալել է Santé Arménie («Առողջապահություն Հայաստան») նախաձեռնության մեկնարկային ժողովը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի, առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի, Բժշկական համալսարանի պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, ինչպես նաև այս ծրագրի բոլոր գործընկերների ներկայությամբ:

Դեսպանը ողջունեց «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է բավարարել առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ֆրանսիական դերակատարների, ինչպես նաև նրանց տարբեր մասնագիտությունների գծով հայ գործընկերների միջև համակարգման անհրաժեշտությանը:

Պարոն Ժոնաթան Լաքոտը նշեց, որ առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է, և որ այս նախաձեռնությունը, որն իրականացվում է հետպատերազմյան անմիջական համատեքստում, նպատակ ունի հիմք դնելու երկարաժամկետ կառուցվածքային համագործակցության:

«Առողջապահություն Հայաստան» նախաձեռնությունը Ֆրանսիայում միավորում է ավելի քան 250 առողջապահության ոլորտի մասնագետների՝ ֆրանսիական հայտնի հաստատություններից, ինչպիսիք են՝ Փարիզի, Մարսելի հիվանդանոցները` AP-HP, AP-HM, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցները, որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ՝ Լիոնի Վինատիե հիվանդանոցը, համագործակցության մի քանի նախաձեռնությունների միջոցով արդեն 20 տարուց ավելի է ներկա են Հայաստանում:

Հայկական կողմից ծրագրի շահագրգիռ կողմ են առողջապահության նախարարությունը, Բժշկական համալսարանը, այլ կառույցներ, հիմնադրամներ ու հասարակական կազմակերպություններ:

ՀԲԸՄ ֆրանսիական գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցությամբ կազմակերպված այս առաջին հանդիպման ավարտին կազմվեց ապագա համագործակցության նպատակների և նախագծերի ճանապարհային քարտեզ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շուտով կազմակերպել երկու երկրների մասնագետների առաջին համագումարը:

--00—ԼՄ