Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը վտանգում է ՀՀ բնակչության խաղաղ կյանքն ու անդորրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Սյունիքի մարզում ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության մասին:

«ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:

Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին:

Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:

Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»,-գրել է Արման Թաթոյանը:

--00—ԼՄ