Անասուններին չարածեցնել ուրիշի վարելահողերում. Խնձորեսկի գյուղապետարանի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ոչխարներ

Խնձորեսկի գյուղապետարանը հաղորդագրություն է տարածել՝ Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչներին հորդորելով անասուններին չարածեցնել ուրիշի սեփականությունը հանդիսացող վարելահողերում:

«Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի հարգելի՛ բնակիչներ,

Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում:

Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:

Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»:

--00--ԱԹ