ԱՀ ոստիկանությունը և ԱԻՊԾ-ն պատերազմում ունեցել են 15 զոհ, 40-ից ավելի վիրավոր․ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

ՆԳ

 Արցախի ներքին գործերի  նախարար Կարեն Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է գերատեսչության ստեղծման անհրաժեշտությանը, նորաստեղծ  համակարգի անելիքների առաջնահերթությանն  ու պատերազմի ընթացքում  կողոպուտի դեպքերի  բացահայտմանն ուղղված  միջոցառումներին վերաբերող հարցերին:

-Պարոն նախարար, ինչպիսի՞ հրամայականներով  էր պայմանավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության միավորումը նախարարության կազմում:

-Գիտեք, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ոստիկանության գործառույթները որքան տարբեր, նույնքան և միտված են երկրի ներքին անվտանգության ապահովմանը: Հատկապես հետպատերազմյան իրավիճակում, Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է: Որպես գերատեսչության նորանշանակ ղեկավար, ես հետևողական եմ լինելու՝ մեր առջև դրված խնդիրների անվերապահ կատարմանը: Կառույցների միավորումը որևէ այլ հրամայական չունի, բացի Արցախի պես երկրում մեր հնարավորություններն  առավել  օպտիմալացնելը:  

-Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանն Ազգային ժողովում նշել էր, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը պայմանավորված է պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացմամբ  ու  արդյունավետության, հաշվետվողականության բարձրացմամբ: Հանրության շրջանում առավել քննարկվողը, թերևս,  օպտիմալացման թեման է: Ձեր ղեկավարած  համակարգում օպտիմալացում սպասվո՞ւմ է: Ի՞նչ ձևաչափով:

-Ամեն դեպքում օպտիմալացումը պարտադիր է, բայց թե ինչ ձևաչափով կկատարվի, սա դեռևս քննարկման փուլում է: Անկեղծ կլինեմ. կադրային քաղաքականությունը երկու օղակում էլ վերանայման կարիք ունի:

-Հաշվետվողականության բարձրացումը համակարգի գործունեության ո՞ր հատվածին է վերաբերելու:

-Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը,  թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:

-Ինչպիսի՞ խնդիրներ եք նկատում և ի՞նչ անելիքներծրագրեր եք նախատեսում՝ ինչպես արտակարգ իրավիճակների պետական ծառայությանայնպես էլ՝  ոստիկանության համակարգերում:

-Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների  ծառայությունը բավականին կայացած կառույցներ են, որոնք նախապատերազմական և պատերազմական շրջանում իրենց դրսևորել են արժանապատվորեն: Պատերազմից հետո անելիքները, բնականաբար, շատացել են, ըստ երևույթին,  այդպես լինում է բոլոր պատերազմող երկրներում: Այժմ, համատեղ թիմային աշխատանք է պահանջվում՝ վերստին ոտքի կանգնելու,  և ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:

-Պատերազմի ընթացքում մարդկային ու նյութատեխնիկական ինչպիսի՞ կորուստներ են կրել Արցախի փրկարարական և ոստիկանական համակարգերը:

-Ռազմագործողություններին իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության հավաքական վաշտերը: Ընդ որում, ԱԻՊԾ-ն՝ մի քանի ճակատում: Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Մարդկային 11 կորուստ և 3 տասնյակից ավելի վիրավոր է տվել ոստիկանությունը, 4 զոհ և 17 վիրավոր՝ ԱԻ ծառայությունը: Բացի այդ, ծառայությունները կրել են նաև նյութատեխնիկական վնասներ: Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության վարչական շենքերը՝ «Սմերչ» և «Գրադ» կայանքներից արձակված հրթիռներից, մասնակի վնասվել են: Այս փուլում վերանորոգման-վերակառուցման աշխատանքներ են տարվում:

-Ներկայում մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի համալրման կարիք զգացվո՞ւմ է երկու համակարգերումԻնչպե՞ս եք պատրաստվում լուծել խնդիրը:

-Սկսեմ վերջից. պետական և բարեգործական աջակցությամբ, ինչպես նաև ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության կողմից, ծառայությունների նյութատեխնիկական բազան համալրվել է նոր մեքենաներով և հատուկ փրկարարական տեխնիկաներով: Առիթը բաց չթողնելով, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին Արցախի կողքին են: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ երկու կառույցներում արդեն նշանակվել են պատասխանատու ղեկավարներ: Ես հետևողական եմ լինելու, նրանց՝ պարտականությունների բարձր մակարդակով  կատարմանը: 

-Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում նկատելի է ավտոճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով և երբեմն նաև մարդկային զոհերով ուղեկցվող պատահարներ:Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում:

-Ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների, այլ նաև ընդհանուր առմամբ հակաօրինական ցանկացած երևույթ,  անձամբ ես բացառում եմ և  այդ ուղղությամբ կատարում նաև կտրուկ քայլեր: Ինձ համար, որպես ներքին գործերի նախարարի, առաջնայինը կլինի այն, որ օրենքն Արցախում հավասար լինի բոլորի համար: Առաջիկայում, կարծում եմ,  կնկատեք ոլորտներում տեղի ունեցող  բարեփոխումները: 

-Պատերազմի ընթացքում  կատարված  մանր ու խոշոր կողոպուտների դեպքերի վերաբերյալ ևս բարձրաձայնումներ եղանԴրանց հետևանքով տուժել են ինչպես պետական ենթակառուցվածքներայնպես էլ անհատ քաղաքացիներԻնչպիսի աշխատանքներ են տարվում ու նախատեսվում այս դեպքերի բացահայտման և թալանված գույքի վերադարձման ուղղությամբ:

-Ոստիկանության հերթապահ մասում ստացված հաղորդագրությունների և դիմումների մասով, արդեն իսկ, ընթացք են տրվել և հարուցվել են քրեական գործեր: Կատարված հանցագործությունների մի մասը բացահայտված է, մի մասը՝ հետաքննության փուլում է:  Կատարվում են նաև ուսումնասիրություններ: Յուրաքանչյուր հանցագործության կտրվի համապատասխան գնահատական և մեղավորներն անվերապահորեն կպատժվեն օրենքով սահմանված կարգով:

-Ձեր ղեկավարությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ինչպես պատերազմականայնպես էլ՝ հետպատերազմական ժամանակահատվածումիր կոչման բարձունքում էրԱյս ամբողջ ընթացքում փրկարար ծառայության կողմից իրականացվող առավել քան նկատելի էայն բարդագույն աշխատանքըորը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի համար պատերազմի ծանր հետևանքները հաղթահարելու գործում:  Ինչպե՞ս  և ինչի՞ շնորհիվ է հաջողվում իրականացնել  բազմաթիվ վտանգներ պարունակողբարոյահոգեբանական  ուժեղ բացառիկ հատկանիշներ պահանջող  մարդասիրական առաքելությունը:

-Նախ շնորհակալ եմ փրկարարի անտրտունջ աշխատանքը նկատելու համար: Կարծում եմ, ցանկացած աշխատանք կհաջողենք, եթե ունենանք թիմային մտածողություն, սրտացավություն և նվիրվածություն: Այս առումով, ԱԻ պետական ծառայությունն իսկապես անգերազանցելի է: Վստահեցնում եմ, որ ոստիկանության համակարգը ևս,  շատ շուտով,  էլ ավելի կվայելի հանրության վստահությունն ու հարգանքը:

 --00—ՄՀ