Կոտայքի մարզը դե ֆակտո ղեկավարում է Սասուն Միքայելյանի դուստրը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

սասուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզ­պետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետա­րանի կայքում զետեղված տեղե­կության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդա­կանի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա:

Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, մեկի փո­խարեն՝ երկուսը: Նրանցից մեկը, մեզ ասացին, «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրն է՝ Սաթենիկ Միքայելյանը: Կոտայքի մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը մեզ ասաց՝ մարզպետը երկու օգնական ունի, մեկը Ավետիք Մեսրոպյանն է, մյուսը՝ Սաթենիկ Միքայելյանը:

Մեսրոպյանն էլ, Միքայելյանն էլ նոր են նշանակվել մարզպետի օգնա­կաններ, այսինքն՝ Մեսրոպյանի գա­լուց հետո, ի դեպ, չի բացառվում՝ Ավետիք Մեսրոպյանն էլ Մեսրոպ Մեսրոպյանի հարազատը լինի, թե­պետ՝ խոսնակն ասաց, որ, իր տեղեկությամբ, մերձավոր ազգակցական կապ չունեն, բայց Մեսրոպյանն է նրան նշանակել օգնական:

«Սաթենիկ Միքայելյանը նոր չէ մարզպետարանում, 2018 թվականից է աշխատում, մինչև դա քարտուղա­րության բաժնում է աշխատել, իսկ մարզպետի օգնական նշանակվել է օրերս՝ անցած շաբաթվա ընթաց­քում: Նա հիմնականում զբաղվում է «Մալբըրի» համակարգով»,- ասաց խոսնակը: Իսկ թե ինչու օգնականների անունները չկան մարզպե­տարանի կայքում, Պողոսյանն ասաց՝ պատճառը տեխնիկական է, կենսագրությունները պետք է տան, որ տեղադրեն, հնարավոր է՝ վաղը տան, մյուս օրը տեղադրեն:

Մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մեսրոպյա­նի՝ մարզպետ դառնալուց հետո մարզպետարանը փաստացի ղեկա­վարում է Սաթենիկը՝ Սասուն Միքայելյանի դուստրը, որը նոր է նշա­նակվել այս պաշտոնին: Միքայելյանի դուստրն է զբաղվում մարզպետա­րան ելումուտով՝ ով գնաց, ինչ արեց, ով մտավ մարզպետի մոտ, ով կարող է մտնել, կարճ ասած՝ մարզպետա­րանի ստվերային ղեկավարն է:

Սրա­նով, ըստ էության, իրականացավ Սասուն Միքայելյանի ցանկությունը՝ Կոտայքի մարզն ու մարզպետարանն ամբողջությամբ անցան իր տիրապե­տության տակ: Իր թիվ մեկ թշնամուն՝ Ռոմանոս Պետրոսյանին նախարար ուղարկելուց հետո նա կարողացավ իր մտերիմին դարձնել մարզպետ, որն ինքնուրույն որևէ բան չի որո­շում, իր դստերն էլ ձևակերպեց որպես մարզպետի օգնական, որ դե ֆակտո հենց ինքը կառավարի Կո­տայքի մարզը:

Եվ քանի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Ծառուկյանի ազդեցությունը մարզում զրոյացնելն էր, իսկ դա Սասունից բա­ցի ոչ մեկը չէր կարողանա անել, սա երկուստեք փոխշահավետ գործարք է վարչապետի և իր կուսակցի միջև:
Հիշեցնենք, որ Հրազդանի քա­ղաքապետն էլ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: Նրա­նից, ի դեպ, հրազդանցիները դժգոհ չեն, հատկապես նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի ֆոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ