ՀՀ-ում, Վրաստանում, Թուրքիայում եղել են թույլ ցնցումներ, ուժեղ երկրաշարժի մասին տվյալ չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրված են բավականին մեծ թվով ակտիվ սեյսմածին խզվածքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Նա նշեց, որ սեյսմածին խզվածքները մոտ 10-ն են, հեղինակներն էլ 16-20 են նշում.

«Դրանցից ամենասեյսմաակտիվներից է Փամբակ-Սեւանի ակտիվ խզվածքը։ Այնտեղ պատմության ընթացքում հաճախակի տեղի են ունեցել տարբեր ուժի երկրաշարժեր, նաեւ ավելի ուժեղ երկրաշարժեր, քան Շորժայի՝ փետրվարի  5-ի 4,7 մագնիտուդով ու 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը։ Այնպես որ, խոսել նոր օջախի, նոր սեյսմաակտիվ խզվածքի գոյացման մասին, ճիշտ չէ։ Երկրաշարժից հետո 100 սեյսմիկ ցնցումներ են եղել, ընդ որում այս թիվը անընդհատ փոխվում է։ Քանի որ դրանց ուժը ավելի թույլ է, մենք դրանք անվանում ենք հետցնցումներ, եւ երկրակեղեւը լիցքաթափվում է, իսկ եղած երկրաշարժերի ուժգնության համապատասխան այդ չափով երկրակեղեւում կուտակված լարվածությունը լիցքաթափվում է եւ այդ առումով դրական երեւույթ է երկրաշարժի լինելը»։

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ միջին ուժգնության ցնցումները լիցքաթափում են երկրակեղեւում կուտակվող լարումները. «Իհարկե, ոչ ոք չի ուզում, որ լինի միջին ուժի կամ հզոր երկրաշարժ, բայց օբյեկտիվորեն թույլ երկրաշարժերը, որոնք ոչ մեկի չեն խանգարում եւ միջին ուժգնության ցնցումները, որոնք վտանգավոր էլ չեն, լիցքաթափում են երկրակեղեւում կուտակվող լարումները»։

Հ․Պետրոսյանը նշեց, որ առկա տվյալների համաձայն՝ հետցնցումները կարող են շարունակվել. «Բացի այդ՝ Հանրապետության եւ հարակից տարածքներում կարող են լինել եւ լինում են թույլ ցնցումներ, կարող են լինել նաեւ միջին ուժի ցնցումներ։ Երեկ եւ այսօր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Թուրքիայում եղել են թույլ ցնցումներ։ Բայց որեւէ մոնիթորինգային տվյալ չկա, որ նախապատրաստվում է ուժեղ երկրաշարժ, եթե նման տվյալներ լինեն, մենք ընդունված կարգով կտեղեկացնենք բնակչությանն ու կառավարությանը»։

Հարցին՝ ի՞նչ հետեւանք կունենա 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը Երեւանում, Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ Սպիտակի աղետալի երկրաշարժը մայրաքաղաքում զգացվել է 6 բալ ուժգնությամբ. «6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժը Երեւան քաղաքում զգացվել է 6 բալ ուժգնությամբ։ Երեւանը սովետական տարիներին հիմնականում կառուցապատվում էր՝  նկատի ունենալով 7 բալ ուժգնությամբ երկրաշարժերը, մի փոքր մասը՝ հարավարեւելյան, 8 բալով էր հաշվարկվում եւ դրանից էլ հարավարեւելք մի հատված՝ այսպես կոչված Տեցի տեղանքը 9 բալի տակ։

ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ սեյսմակայուն նորմերը ստեղծվեցին մեր հայկական նորմերը, որտեղ հաշվի առնվեցին Սպիտակի երկրաշարժի դասերը, ՀՀ տարածքի սեյսմիկ պոտենցիալը վերահաշվարկվեց եւ հիմա, օրինակ Երեւան քաղաքում բոլոր նորակառույց շենքերը պետք է համապատասխանեն 9 բալանոց երկրաշարժին։ Հիմա էլ ընթանում է  սեյսմիկ շինարարության  նոր նորմերի հաստատման գործընթացը»։

--00--ԱՀ