26 համարի երթուղին կաշխատի նոր ավտոբուսներով. նստելիս պետք է 100 դրամանոց ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել գործարկվող նոր ավտոբուսների մասին և կից գրառում արել.

«Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:

26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած

ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մի քանի նկատառում ունեմ ուղեւորներին.

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

 Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

 Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Սիրելի երեւանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար»:

--00—ԼՄ