Գեղարքունիքի մարզում վնասվել են որոշ հին շինություններ, գոմեր և էլեկտրահաղորդման գծեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

․

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Խոշոր ավերվածություններ չունենք: Այս պահի տվյալներով՝ որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել և էլեկտրահաղորդման գծերի վնասներ ունենք, որի հետևանքով շրջակա համայնքներում այս պահին հոսանք չկա: Շողակաթ և Ճամբարակ խոշորացված համայքների բնակավայրերում հոսանք չկա: Մասնագետներն աշխատում են, շուտով հոսանքը կվերականգնվի»,- ասաց Սանոսյանը:

Մարզպետը նշեց, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ տեղական ժամանակով ժամը 19:36-ին երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ,  Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում  4-6  բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 - 4  բալ ուժգնությամբ: 

--00--ԱՀ