Ապրիլյանից հետո ՀՀ իշխանություններն առաջարկում էին տարածք զիջել, Ստեփանակերտը մերժեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները պաշտոնական Ստեփանակերտին առաջարկում էին զիջել տարածքները՝ վերահաս պատերազմը կանխելու համար, սակայն ստացել են կտրուկ մերժում։ Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Պատերազմը եղել է անխուսափելի։ Դրա սկսման առաջին նախազգուշացումը եղել է 2016-ին։ Դեռևս «քառօրյայից» հետո քննարկվում էր, որ այն ընդամենը սկիզբն է, բայց ավարտը չէ։ Ավարտը պետք է լինի խաղաղ բանակցությունների միջոցով՝ տարածքների հանձնմամբ։ Այդպիսի քննարկումներ ՀՀ նախկին ղեկավարների մակարդակով 2016 թ.-ին եղել են Արցախի իշխանությունների հետ։ Սակայն եղել է միանշանակ մերժում։ Մենք այս տարիների ընթացքում ճիշտ չենք օգտագործել ժամանակը, բացի դրանից բանակցային գործընթացը հանրությանը չի ներկայացվել։ Դրանից բացի մենք երկու սխալ ճանապարհ ենք ընտրել։ Մեկը, որ բանակը համապատասխան սպառազինություն չէր ստանում, մյուսը՝ այնպիսի ծայրահեղական թեզեր էին տարածում հայ ժողովրդի մեջ, որոնք մեզ տարել են մի վիճակի, որի հետևանքը, ցավոք, եղել է այն, ինչ կա։ Մենք պետք է կա՛մ բանակը պատրաստեինք, կա՛մ ժողովրդին նախապատրաստեինք քաղաքական ճանապարհին», - ասել է նա։  

Դիտարկմանը՝ Արցախի համար ընդունելի կլիներ առանց պատերազմի հողեր տալը, Պողոսյանն ասել է․
«Ինչ-որ բան զիջելու համար մենք ինչ էինք ասում՝ մշտապես ասում էինք ոչ մի թիզ։ Մենք հայտարարում էինք, որ տարածաշրջանում մարտունակ բանակ ունենք, խոսում էինք 44-օրյա պատերազմում սխալ քարոզչության մասին։ Սրանք հարցեր են, որոնք պետք է վերլուծվեն, որպեսզի ապագայում ևս սխալ քայլեր չարվեն, քանի որ վտանգը չի անցել։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ եղածն էլ կկորցնենք։ Մենք պետք է նաև մտածենք ժամանակի մեջ մեր կորցրածը հետ բերելու մասին»,- ասել  նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ