Արցախում գումարվել է Ազգային ժողովի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

․

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը,Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է , որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք»խմբակցությունը ունի նոր ղեկավար՝ Գագիկ Բաղունցը:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին:

Մինչ  «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:

Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ  24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն  դրամ գումարային ծավալով:

Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության  կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման  սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը,բնակֆոնդի դեֆիցիտին և  այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց,որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:

Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:

Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանեցին  պատգամավորների հնչեցրած հարցերին:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով  հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք »խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը: 

--00--ԱՀ