Թուրքիայի շահերի պաշտպանը` դեսպան. մանրամասներ Անուշ Բեղլոյանի կենսագրությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Բեղլոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որ վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրություն կենտրոնում հայտնվել էր «կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, և ում պատմական հողն է Արցախը» հայտարարությունից հետո, պարզվում է, բավական հետաքրքիր կենսագրություն ունի:

Բեղլոյանը, հիշեցնենք, միջազգային ֆորումներից մեկի ժամանակ ասել էր. «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետև, ինչպես գիտեք, հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելիս Հայաստանին հասնող չկա»:

Թեև պատգամավորն այժմ պնդում է, որ իր հայտարարությունն ընդհանուր կոնտեքստից դուրս է ներկայացվել, բայց նրա խոսքերի բառացի թարգմանությունը բոլորովին այլ բան է հուշում:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի «ռեկոմենդացիայով» մանդատ ստացած Բեղլոյանը, ըստ Ազգային ժողովի պաշտանական կայքի, 2018-ին եղել է Եվրոպայի Խորհրդի Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում: Փաստորեն, իմքայլականն աշխատանքային գործունեության որոշ շրջանում զբաղվել է Թուրքայի շահերի պաշտպանությամբ:

Թե ինչ է նշանակում Թուրքայի շահերի պաշտպանություն, այն էլ Բոսնիայում ու Հեցեգովինայում,կամ ինչ գործունեություն է ենթադրում այդ աշխատանքը, թերևս միայն նրան է հայտնի:

Նշենք, որ Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու մասին լուրերը հաստատվել են: