ՀՀ-ն հաջողությամբ եվրոբոնդեր է թողարկել, ներգրավվել է 750 մլն դոլարի պարտատոմս. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Կառավարության՝ փետրվարի 4-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հաջողությամբ է իրականացրել եվրոբոնդերի թողարկումը։

Ըստ վարչապետի՝ պարտատոմսի թողարկման տոկոսը 3,8 է։ Պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի, բայց այս պահին կառավարությունը որոշել է ներգրավել 750 միլիոնը։

«Այս թողարկմամբ մենք ներգրավել ենք 750 միլիոն դոլարի պարտատոմս, ու շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենանպաստվոր պայմաններով, ամենացածր տոկոսով, սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար», -ասել է Փաշինյանը, ապա նաև հավելել, որ մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։

«Կարող ենք ասել, որ սա հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լուրջ ազդակն է, ինչը վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի ու կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ։ Նաև ուզում եմ արձանագրել՝ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այս թողարկումն ամենևին էլ արտառոց ու արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021-ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում, ու այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ, դրական ազդակով ու հույս ունենք, որ սա իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի գնահատականներին արձագանքել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նկատելով, որ 2021-ին այսպիսի թողարկում ունցել են ոչ թե պահային գնահատման արդյունքում, այլ դա արդյունք է մինչ այժմ վարած համապարփակ քաղաքականության։

--00—ԼՄ