Պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News 

քոչարյան պաշտպաններ դատ.jpg

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբանը նշեց, որ նիստերից մեկի ընթացքում դատավորը, առանց թույլտվության, հրապարակել է իր պաշտպանյալի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք, ինչի կապակցությամբ նա դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն մերժում է ստացել։ Ըստ պաշտպանի՝ դատավոր Դանիբեկյանը կողմնակալ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և կաշկանդված է դատախազությունից ու ՀՔԾ-ից։ 

Արմեն Գևորգյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ․ «Ամբողջ պրոցեսը հրեշավոր ծրագրի կարևոր օղակ է։ Ծրագրի հիմնական մասը բանակը որպես գլխավոր մեղավոր «նշանակելն է․․․»։ Սակայն դատավորը թույլ չտվեց շարունակել, ասելով, որ դատարանում քաղաքական հայտարարություններ չեն անում։

Իր հերթին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ այս դատավարությունը կախված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, հետևաբար, չի կարող զրկված լինել քաղաքական բաղադրիչից։ 

«Ակնկալել, որ այս դատավարության մեջ քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ուղղակի ընդհանրապես այս գործը չլսել իր բովանդակությամբ։ Հաշվի առեք այս հանգամանքը, որ չի կարող լինել քաղաքական գործընթացի մասին դատավարություն առանց քաղաքական կոմպոնենտի», - հայտարարեց նախագահը։ 

Բացարկի միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։

--00--ԱԹ