Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք, չարաչար սխալվում եք. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և կից գրառում արել. 

«Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք, չարաչար սխալվում եք:

Կարծում եմ այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ, քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ, կա խնդիր, չկա Արցախ, չկա խնդիր»: Նա կարծում է, որ, եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:

Չկա այն գիտակցումը, որ;

1. Արցախի խնդիրը լուծված չէ:

2. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):

3. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:

4. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:

5. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:

6. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:

7. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը: Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:

Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք, չարաչար սխալվում եք»:

--00—ԼՄ