Հացը, ձուն, շաքարավազը թանկացել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

հաց ձու շաքար

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում՝ 2020թ. հունվար-դեկտեմբերին: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. նույն ամսվա նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%: 

2020թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3.3%-ով:

Սննդամթերքի գներ

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3%): Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.3% և 10.0%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ: Ձվի գինը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.5%-ով, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 13.1%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ (թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3%): 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.5% գնաճ:

--00--ԱԹ