Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք՝ պարտվելու. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Վերջին 100 տարվա ընթացքում երբեք նման վտանգավոր վիճակում չենք եղել, ինչպես հիմա, բայց ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ վիճակում ենք: Այս մասին այսօր Արարատում` քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինձ ներկայացրեցին որպես վարչապետի թեկնածու, սակայն ես Վազգեն Մանուկյանն եմ, որը Ձեզ հետ միասին կազմակերպել է 88 թվի շարժումը, որի հետ միասին հանդիպել եք ռազմաճակատում, երբ պայքարում էինք, որ երկիրը լինի մեր երազած երկիրը: Այժմ էլ պատերազմ եղավ, պատերազմ մենք տեսել ենք 90-ականներին, երբ երբեմն պարտվում էինք, երբեմն հաղթում, երբեմն առաջ գնում, երբեմն նահանջում: Այս պատերազմն այդպիսին չէր. Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք՝ պարտվելու»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց` 2018 թվից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, գեներալների ձերբակալել, կոտրեցին Արցախի ղեկավարությունը, դուրս մղեցին ղեկավարների, բանակի ներսում արդեն անվստահություն մտավ:

«Հաջորդ քայլը, որ կազմակերպվում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականությունն էր, զենքերի հարցը: 2016 թվին Ադրբեջանը փորձեց հարձակվել, մենք էլ կորուստներ ունեցանք, բայց հասկացավ` իր դիմաց բանակն է, որի առաջ ինքը պարտվել է, և կանգնեցրեց պատերազմը: Հետո որևէ բան արվե՞ց, որ մենք նոր տեխնոլոգիաներ ունենանք, ոչ, չարվեց»,- նշեց Մանուկյանը:

--00--ԱԹ