ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրակարգում կոնկրետ ուղղություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

Մոտ օրերս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը  Մոսկվայում հանդիպում կունենան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։ 

Նա հայտնեց, որ հանդիպման համար հստակ ամսաթիվ դեռ չկա։

Անդրադառնալով օրակարգում ներառված հարցերին, օգնականն ասաց․ «Օրակարգում ընգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որի համաձայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ պետք է ստեղվի՝ քննարկելու տրանսպորտային կապի կառուցման հարցերը։

Նշենք, որ այսօր РБК-ն իր աղբյուրներին հղում անելով հայտնել էր, որ փոխվարչապետերի հանդիպումը տեղի է ունենալու վաղը և քննարկվելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։

--0--ԿԿ