Հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, փախուստ է. պետք է մնալ, պայքարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Հոգեպես մանրանում ու ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։

Գարեգին Նժդեհ։

 

Վերջին շրջանում հաճախ եմ լսում «ճամփեքը բացվելուն պես գնալու եմ երկրից» արտահայտությունը, որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի առկայության, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ, համամիտ չեմ նրանց հետ։

Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը, որպես ազգ, ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։

Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ, այն եղել է միջնադարում և, անշուշտ, թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021 թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։

Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։

Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։

Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, սա փախուստ է խնդրից։

Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է. մնալ, ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։

Հեշտ է լինելո՞ւ։ Իհարկե՝ ո՛չ։

Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու և Շուշին հետ վերադարձնելու նպատակով»,- գրել է նա։

--00—ԼՄ