Եթե Շուշին ու Քարինտակը չտրվեր, ադրբեջանցին ավտոմատով տնիցս չէր հանելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

Փաստ է, որ Շուշին 90% ադրբեջանցիներով է բնակեցված եղել մինչև ազատագրումը, բայց պետք է արձանագրենք նաև, թե ինչի հետևանքով։ Քաղաքը մինտումնավոր է հայաթափվել։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արդյո՞ք այն հայկական կարգավիճակ ունեցող քաղաք էր, գուցե վրիպակ է։ Միգուցե նա նկատի է ունեցել, թե ինչ կլիներ, եթե պատերազմը կանգնեցվեր ու այնտեղ վերադառնային ադրբեջանցի փախստականները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Այս հարցը պետք է ճշգրտվի, թե չէ Ալիևը դա օգտագործելու է։  Մարդիկ պետք է հանդես գան՝ ասելով, որ սա վրիպում է եղել։  Գուցե ժամանակը գա, ինքն էլ այս վրիպման մասին կխոսի։ Բայց դե նման բան չպետք է լինի։ Սա մեր նորօրյա պատմությունն է։ Պետք չէ քարտ տալ ադրբեջանցիներին։

Երբ հայտարարություն ենք անում, թե Շուշին ադրբեջանցիներով է բնակեցված եղել, ինչ-որ մի տեղ, երևի ժողովրդի ցավը մի քիչ մեղմացնելու համար է, սրտի հովանք, բայց մենք Խորհրդային ՀՀ-ում շրջաններ ենք ունեցել, որտեղ ադրբեջանցիներ են ապրել, վաղը հնարավոր է՝ ասեն՝ դա էլ է մերը, ի՞նչ է, պետք է խոնարհվե՞նք, ասե՞նք՝ հա, ձերն է։ Մեզ ընկճվել պետք չէ»,- նկատել է նա։

Սարգսյանը համոզված է, որ եթե պատերազմն ավելի վաղ կանգնեցվեր ու Շուշին մնար մեր վերահսկողության տակ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով, միևնույն է, նրանք հետ չէին գալու, իսկ հակառակ դեպքում էլ բնակիչներին իրենց տներից դուրս չէին վռնդելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ