Զոհերի թիվը 4000-ից չի անցնում, անդամահատման խնդիր ունեցող զինվորների թիվը 150 է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

Արցախի` 44 օր տևած պատերազմի ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություն էինք ստանում մեր զոհերի վերաբերյալ, պատերազմի վերջին օրը հայտարարված զոհերի թիվը մոտ 1000 էր: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը` հետաքրքրվելով, թե, ի վերջո, քանի՞ զոհ և անհետ կորած ունենք:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց` այն թվերը, որ տարբեր շրջանակների կողմից շրջանառվում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են:

«Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում, և վերջնական ցուցակը հրապարակվելու է: Կան նաև անհետ կորածներ, բայց ես հիմա կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել», - նշեց նա:

Ավինյանը տեղեկացրեց` երբ վերջնական թիվ ունենան, ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից։ Նա վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ը չի անցնելու:

--0--ԱԹ