Ռուսահայ գործարարների հետ գործարքի պատճառով Սարկոզիի նկատմամբ հետաքննություն է սկսվել

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

Սարկոզի

Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է, որ նախնական հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ՝ «Ռեսո-Գարանտիա» ռուսաստանյան ապահովագրական ընկերության հետ 3 միլիոն եվրոյի պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։ Այս մասին գրել է «Ազատություն» ռադիոկայանը։ 

2020 թվականի սկզբներին Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը 500 հազար եվրո է ստացել դրանից մեկ տարի առաջ կնքված պայմանագրի շրջանակներում՝ ընդհանուր 3 միլիոն եվրո գումար՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց։

«Ռեսո-Գարանտիա» ընկերության համասեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները հաստատել են, որ Սարկոզիին վարձել են որպես «հատուկ խորհրդական»։

«Ֆրանսիական իրավապահները մտադիր են պարզել՝ արդյոք երկրի նախկին նախագահը գործել է բացառապես որպես խորհրդական, ինչը միանգամայն օրինական է, թե նա մասնակցել է պոտենցիալ հանցավոր լոբբիստական գործունեության՝ ռուսաստանցի օլիգարխների անունից», - գրում է ֆրանսիական Mediapart պարբերականը։

Նիկոլա Սարկոզին արդեն մեղադրյալի կարգավիճակում է մեկ այլ գործի շրջանակներում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից միլիոններ ստանալու համար: Մեղադրող կողմը պնդում է, որ 2007 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում՝ թույլ տալով, որ նա իր հայտնի վրանը բացի Ելիսեյան պալատի կողքին:

 --00—ՄՀ