Շուշին ադրբեջանցիները չեն գրավել, մերոնք են տվել․ ոչինչ չի արել, որ փաստաթուղթը լավը լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

«Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահ է՝ պատերազմը հնարավոր էր կանխել, և դա ապացուցված է ոչ միայն մեր, այլև արտասահմանի մի շարք մասնագետների ու փորձագետների կողմից:

Այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ եթե մեր բանակը պատրաստ լիներ, ապա կարող էինք ամուր պահել մեր դիրքերը: Մանուկյանի համոզմամբ՝ եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, եթե կարողանային ճիշտ կարգավորել բանակի աշխատանքը, այդչափ կորուստներ չէինք ունենա: Ի սկզբանե էլ հիշեցնում է, պատերազմն ավելի քիչ կորուստներով կանգնեցնելու առաջարկ է եղել: Նա ապացուցված է համարում հանգամանքը, որ Շուշին ոչ թե թուրքերն են գրավել, այլ մերոնք են տվել: Իսկ դավաճանությա՞ն, թե՞ հիմարության պատճառով է Շուշին հանձնվել, դա, ըստ բանախոսի, խոսակցության այլ թեմա է: 

Նույնիսկ պատերազմի նման ելքից հետո նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, վստահ է վարչապետի թեկնածու Մանուկյանը, կարող էր շատ ավելի հայանպաստ լիներ: Ավելին՝ հայկական կողմը քաղաքական որևէ բանակցություն ու առտևտուր չի արել այն ի նպաստ մեզ ծառայեցնելու համար:

«Մանրամասն հետևելով ռազմական գործողություներին, Ալիևի հայտարարություններին, ադրբեջանական ոչ պաշտանական լրատվությանը՝ կարող եմ պնդել, որ նոյեմբերի 8-9-ին ադրբեջանական բանակն էլ դադար առնելու կարիք ուներ: Զենքն ու զինամթերքը նրանց մոտ շատ էր, զինվորներ ունեին, բայց նրանք էլ հոգնած էին, երկրի ներսում էլ ներքին դժգոհություն կար: Դա այն վիճակն էր, որ հայկական կողմը կարող էր առևտուր անել, ինչից հետո նվաստացուցիչ շատ կետեր հայտարարության մեջ տեղ չէին գտնի: Իհարկե, լավ է՝ պատերազմը վերջացավ, բայց այդ հայտարարությունը նվաստացուցիչ, կործանարար  է ժողովրդի ու պետության համար»,-մանրամասնում է Վազգեն Մանուկյանը:

Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության» ճակատի վարչապետի թեկնածուն նշեց նաև՝ 44 օր տևած պատերազմի հետևանքով ավելի շատ զոհ ունեցանք, քան 1990-ականներին, երբ հաղթանակ էինք տարել: Հարյուրավոր գերիներ ունենք, հավելում է, կորցրել ենք բանակը, ջարդված է այն, բանակից մնացորդներ են մնացել, ապա շարունակում՝ միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք ենք կորցրել, տնտեսական հսկայական կորուստներն էլ մի կողմից, կործանարար խաղաղության մեջ մտանք: 

«Ժողովորդի ճնշող  մեծամասնությունը նոյեմբերի 10-ից հետո այնքան ճնշված ու ստորացված էր իրեն զգում, որ հեղափոխության, հեղաշրջման կամ մեկ այլ փոփոխության էր սպասում, որ փոխվի այս իշխանությունը: Ժողովորդի մի հատված էլ ասում է՝ ճիշտ է, Փաշինյանը լավ ղեկավար չի, տանուլ է տվել, բայց հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, եկեք կամաց-կամաց առաջ գնանք: Ճանապարհները բացվում են, ասում են, կսկսենք առևտուր անել և այլն: Բայց նրանք չեն հասկանում, որ անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մեր պարտությունը շարունակվում է: Չարաբաստիկ այդ հայտարարության առաջին կետը, որտեղ ասվում է, որ հանձնում ենք Քելբաջարն ու Լաչինը, իսկ մնացած տեղերում զորքը կանգնում է այնտեղ, որտեղ կանգնած է, փաստացիորեն խախտվել է: Զանգեզուրում, Սյունիքում մեր զորքը կիլոմետրերով առաջ էր կանգնած, Նիկոլ Փաշինյանի հրամանով զորքը հետ է կանչվել, ու Սյունիքի սահմանների առումով խնդիր ունենք: Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո»,- ընդգծում է ՀՀ նախկին վարչապետը:

--0--ԿԿ