Փաշինյանը փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

․

«Փաստ» թերթը գրում է․ «Պատերազմի ընթացքը, պարտությունը և հետպատերազմյան զարգացումները մեկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելությունը։ Եվ այս իրադրության պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մեջ ուժ գտնի շատ ավելի կարևոր խնդիրների լուծման համար։ Եվ այս պայմաններում գրեթե կասկածի տեղիք չի թողնում այն հարցը, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց վերջինս ամեն ջանք գործադրում է, որ մնա իշխանության։

Նա վեց ամիս ժամանակ է խնդրում իր ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված ծրագրերն իրականություն դարձնելու համար, իսկ մյուս կողմից էլ զբաղված է մեղավորների փնտրտուքով, որպեսզի պարտության մեղքը բարդի նրանց վրա։

Բայց տեսնելով, որ դժգոհություններն ավելի են խորանում և երկրի վիճակն էլ ծանրանում է, Նիկոլը դաշտ է նետել արտահերթ ընտրությունների մասին խայծը՝ հույսով, որ տարբեր լծակների կիրառման արդյունքում կարող է հնարավորություն ստանալ շարունակել մնալ իշխանության։

Փաշինյանն ամբողջ ուժով կառչած է աթոռից, քանի որ թերևս քաջ գիտակցում է, որ այդ աթոռից հեռանալուց հետո, որպես ձախողված և պարտված ղեկավար, այլևս քաղաքականության մեջ անելիք չի ունենալու և հայտնվելու է զարգացումների հետնախորշում (մնացյալը իրավական հարթության մեջ է)։ Բայց այսօր երկիրն այնպիսի հրատապ անվտանգային, հումանիտար և սոցիալտնտեսական խնդիրների առաջ է կանգնած, որ մոտակա փուլում արտահերթ ընտրությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։

 

Առավել ևս այն պայմաններում, երբ իշխանության կլինի Փաշինյանը. այդ դեպքում ընտրություններն ի սկզբանե կարելի է համարել ոչ լեգիտիմ: Դրա համար էլ առաջատար ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման փաշինյանական տարբերակը։ Սակայն Փաշինյանը իր իշխանությունը երկարաձգելու հիմնական եղանակը տեսնում է հենց այդ ճանապարհով։ Եթե ընդդիմությունը նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ապա միայն իշխանության նախաձեռնությամբ անցկացվելիք այդ գործընթացը մեր հասարակության և միջազգային հանրության աչքին կորցնում է իր լեգիտիմությունը և հիմնավորվածությունը։

Սակայն ընտրությունների անցկացումը լեգիտիմացնելու համար Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների «նշանակմանը»։ Սա նրա սովորությունն է. ինչպես «նշանակում» է այս կամ այն հարցի մեղավորներ, այնպես որոշ, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունների» փորձում է գործոն դարձնել, ավելի ստույգ՝ դերակատար: Սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր նման հանդիպումների շարք նախաձեռնել, իսկ հիմա նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, դրանք բոլորն էլ ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ ու հակառուսական տրամադրություններ ունեցող ուժեր են: Պարզ է, որ այսպիսով Փաշինյանը հույս ունի այդ «ուժերի» միջոցով կեղծ ընդդիմություն ձևավորել, որը ոչ միայն ճանապարհ կհարթի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այլև անհրաժեշտության դեպքում «ընդդիմություն» կխաղա նաև խորհրդարանում:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կազմելու որևէ նույնիսկ հեռավոր շանս չունի, իսկ նշյալ անձինք ոչ մի կշիռ ու հեղինակություն չունեն, նման պատկեր ստանալու համար ընտրությունները պարզապես պետք է կեղծել: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ «կուսակցությունների» ղեկավարները քաղաքական առումով որևէ լուրջ հայտ չեն կարող ներկայացնել, պատկերավոր ասած՝ նրանք անգամ իրենց բակում վարկանիշ չունեն, ուր մնաց, որ ընտրություններում կարողանան պատվավոր տեղ զբաղեցնել։

Մյուս կողմից՝ իրական ընդդիմությունը պետք է կոնկրետ կողմնորոշվի իր հետագա քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մոտեցումները և իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպեսզի գործող իշխանությունների՝ անգործունակ ճանաչվելուց հետո ճանապարհ բացվի ոչ թե կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականության համար, որովհետև այն ամենը, ինչ երկուսուկես տարի անում է այս իշխանությունը, տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից։ Ու շատ կարևոր է, որ իրական ընդդիմությունը ներկայացնող ուժերը կարողանան մի կողմ դնել մանր-մունր տարաձայնությունները և իրենց ներուժը միավորեն ձախողված իշխանություններին ասպարեզից հեռացնելու և Հայաստանի վերականգնման օրակարգի շուրջ։ Եթե իսկապես դա ցանկանում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ